Wednesday, August 21, 2013

Մի կում արյուն...

Արյունը հարկավոր է խմել դեռ տաք վիճակում. այն միանգամից թափանցում է երակներ ու շրջանառվում սեփական օրգանիզմում: Խմելն, իհարկե, պայմանական ձևակերպում է, արյունը ներծծում ենք: Արդեն մակարդված արյունն օրգանիզմից դուրս է գալիս ու մարմնում սկսում է շրջանառվել թարմ արյունը: Եթե ներծծենք արդեն լերդացած արյուն, արյան շրջանառությունը կդանդաղի, ինչն էլ լերդացում կառաջացնի ամբողջ օրգանիզմում: Առաջին հայացքից դա կարող է թվալ ոչ մահացու, բայց արյան լերդացումը սարսափելի կերպով դանդաղեցնում է մեր ռեակցիաները, կաթվածահար անում հենաշարժողական համակարգն ընդհուպ մինչև լիակատար անդամալուծություն: Եվ եթե այդ պահին ծագում է արևը…
Մի կարծեք, թե դուք անմիջապես կբռնկվեք, կմոխրանաք, կփշրվեք: Ուր էր, թե… Մոռացեք այն հեքիաթները, որ ձեզ պատմել են նախքան վերամարմնավորումը: Երբ արևը ծագի, դուք կմեռնեք գերտաքացումից: Արյունն օրգանիզմում կսկսի տաքանալ ու մակարդվել: Մենք չունենք օրգանիզմի հովացման համակարգ, մենք ուղղակի կսկսենք ներսից չորանալ, մածուցիկ արյունը կդադարի շրջանառվել ու հենց այն պահին, երբ մեր օրգանիզմում բացարձակ քարացում տեղի ունենա, մենք կնմանվենք եգիպտական մումիաներին, ուղղակի առանց ճերմակ փաթաթանների ու առանց Մեռյալների գրքի շնորհիվ վերակենդանացման որևէ հույսի:Դասախոսությունն ավարտված է, ազատ եք:
- Եվ ինչո՞ւ է պրոֆեսորն ամեն անգամ այնպես ասում հանրահայտ ճշմարտություններն, ասես Մարսյան քարանձավներն է հայտնաբերել, - փնթփնթաց ավարտական կուրսի ուսանող Նյուրտը:

Բոլորս հիշում ենք այն երջանկագույն օրը, երբ վերջապես մարդկանց կողմից մահացու սպառնալիքը մնաց թիկունքում, հիշում ենք մարսյան երանելի զովությունը, երբ անգամ կարող էինք դիտել արևածագը(թեև ավելի ուշ, այնուամենայնիվ, ստիպված էինք թաքնվել): Հիշում ենք կլոններով բեռնված նավերը, որ բերեցին արյան անսպառ պաշար մեր հետագա գոյության համար: Անսպառ: Ինչքան բնական էր թվում այս ածականն այն ժամանակ ու որքան անհեթեթ այսօր, երբ սովը սպառնում է մեզ իսպառ բնաջնջում: Մենք մոռացել էինք, որ օգտագործում ենք մարդկանց ստեղծած տեխնիկան ու երբ տիեզերանավը, որ բերում էր վերջին երկրային ուղևորներին մեզ մոտ, խորտակվեց, մեր մոլորակ-փրկությունը սպառնում է դառնալ մեր մոլորակ-կործանումը: Տիկնայք և պարոնայք, աշխարհի վերջին հաշված օրեր են մնացել:(Հատված «Կյանքը մարսի վրա» պարբերականի  «Աշխարհիվերջը մոտ է»  հոդվածից)…


Նյուրտի դիակը գտնված է: (Քննիչ X)
Սովից տանջահար՝ նա փորձել է խմել նոր թաղված մարդու արյունը: (Փորձագետ-կրիմինալիստ X) 
Մահացել է արևահարումից: (Փորձագետ-Դատաժիշկ X):

Հ.Գ. Լուրեր են պտտվում, որ տիեզերանավի վթարն ու սովը պրոֆեսորի ձեռքի գործն է, ոմանք հայտարարել են, որ նա է առաջին վամպիրը: Պրոֆեսոր Վամպին ջրախեղդ են արել, գլխատել, քառատել, այրել, մոխիրը ցրել բաց տիեզերքում:

Հ.Հ.Գ. Վամպիրների մարսյան գաղութից 2011թ.-ից ի վեր լուրեր չեն ստացվել...
Հ.Հ.Հ.Գ. ինտերվյուն վերցնելու ընթացքում անընդհատ բնազդաբար ձեռքս պարանոցիս էի պահում մի տեսակ վախվորած, պաշտպանական դիրքով, ում մտքով կանցներ, որ վամպիրներից միայն պրոֆեսոր Վամպը կփրկվի՝ փոշու տեսքով երկիր հասնելով ու հերթական անգամ վերամարմնավորվելով

No comments:

Post a Comment