Monday, June 18, 2018

Անուրջ



Նստել, սևեռուն նայում էր կարմիր հորիզոնին ու փորձում հիշել խաշած կաղամբի համը: Ժամանակին ավագ քույրը՝ Անին, մատղաշ կաղամբ էր խաշում տոլմայի համար, իսկ ինքը թռցնում, ուտում էր թերթերը: Ու քրոջից թաքուն թռցրած կաղամբն ամբողջ աշխարհում ամենահամով բանն էր իր համար:
-         Տիգրա՜ն:
Նավապետն էր՝ Ղուկասը: Քանի անգամ իրեն ուղղել էր՝ Լյուկաս, Լյուկ, բայց չէ, ինքը Ղուկաս էր ասում: Ղուկասը հպարտանում էր, որ ավետարանիչի անուն ունի. խիստ հավատացյալ մարդ էր: Ինքը չէր հավատում: Թերևս, երբեք չէր հավատացել, անգամ ամենափոքր տարիքում չէր հիշում, որ Աստծուն ապավինած լիներ: Միայն մի անգամ, երբ քույրը մահացավ, ինքն աղոթել էր, խմել էր, ձյան մեջ ծնկի եկել պապենական գյուղի եկեղեցու դիմաց ու լացելով խնդրել, որ Անին մահով չավարտվի, որ իր քրոջ համար դրախտ լինի ինչ-որ տեղ, եթե անգամ դրախտի գոյությունը ենթադրում էր, որ ինքը պետք է հուր-հավիտյան դժոխքում այրվի: Հաջորդ օրն իր աղոթքը լացելու չափ զավեշտալի էր թվացել, մյուս կողմից էլ խումարից գլուխն էր պայթում, լացել էր ամբողջ կյանքի համար ու համակերպվել, որ էլ երբեք քույրը գիշերը ոտնաթաթերի վրա չի մտնի սենյակ ու լույսն անջատի:
Աղջկա անունն Անի դրեց, Այյան դեմ չէր, թեև որոշել էին, որ երեխային իրենց սիրած անիմեի հերոսի անունով են կոչելու:
Թաղմանն Այյան եկավ ու լացակումած մեխանիկորեն կրկնում էր, որ այդպես էլ կենդանի չհանդիպեցին: Երբ Այյան ու փոքրիկ Անին արձակուրդներին Ճապոնիա գնալուց վթարի ենթարկվեցին, անիծում էր իրեն, որ նրանց հետ չգնաց, որ չմեռավ նրանց հետ: Ու թեև զգում էր, որ բոլոր դիցարանների դժոխքների տանջանքներին ինքն արժանի է, բայց չէր աղոթում, նստել էր հատակին՝ պատին հենված ու ծխում էր: Ներքև գլորվելը դրանից սկսվեց, անցավ թմրանյութերի, ամեն ինչ վաճառեց ու վերջում արդեն ինչ ասես չէր անում՝ թրմանյութ հայթայթելու համար:
Գիտեր՝ մի օր իր հետևից գալու են: Եկան: Ոստիկան ռոբոտները լուսաբացից առաջ շրջափակեցին որջն, ուր թաքնվում էր: Հրաշքով հաջողվեց փախչել ու հասնել այս մոլորակ: Ղուկասն օգնեց: Հիմա նստել են վթարված նավի մոտ ու նայում են կարմիր հորիզոնին՝ սպասելով հրաշքի:
- Տիգրա՞ն, ի՞նչ ես մտածում, արի, նավը սարքել ենք, գնում ենք:
Երերալով վեր բարձրացավ ու նայեց նավապետին:
- Ո՞նց:
- Օլգային հարցրու, իր աբրա-կադաբրան էր, ես բիոշարժիչներից գլուխ չեմ հանում, իսկ ինքն իր օրգանական նավում՝ ոնց ձուկը ջրում:
- Նավը միայն մասամբ է օրգանական, - փիլիսոփայեց Տիգրանն ու գնաց Օլգային հարցաքննելու, իբր պիտի նրա տերմինախեղդ խոսքից մի բան հասկանար:
Նստել էր նավախելին ու նայում էր տիեզերքի դատարկությանը:
-         Թեև չէ, տիեզերքում ոչ մի հյուլե դատարկ չի, ուղղակի մեր զգայարաններն են սահմանափակ, որ կարողանան ամբողջն ընկալել, - ինքն իրեն խոսում էր:
Ո՞վ էր ասում, թե հայտնի նարկոբարոն Հանսի արհեստական թմրանյութերից էլ հետ վարժվել չկա, մի անգամ փորձեցիր՝ ցմահ կախված ես լինելու: Արդեն երկու տարի փորձելու հեռավոր ցանկություն էլ չուներ, չնայած որ հիշողությունները երբեմն խեղդում էին: Մտածում էր, որ չափազանց շատ մահեր է վերապրել մի կյանքի համար, մտածում էր, որ այդպես անարդար է ու չկա ոչ ոք, ում կարող էր մեղադրել անարդարության համար: Բայց անգամ այս ցավոտ մտորումները մոռացության գիրկը նետվելու ցանկություն չէ, որ առաջացնում էին, այլ՝ պայքարելու ու արարելու:
ՈՒ իր հանցակից ընկերների հրոսակախմբում նա սկսեց մեծ ու բարի գործեր երազել:
-         Մի գնա, Տիգրան, - ասաց Լյուկը:
-         Գնալու եմ, Ղուկաս ախպեր, էս մակույկը միակ բանն է, որ ունեմ, էս մակույկով ես կկռվեմ էնքան, որ հասցնեն քաղաքն էվոկուացնել:
Քաղաքը չէվոկուացրեցին, ինքը մենակ հաղթեց մի քանի հարյուր քորդավորների, մահամերձ տապալեց թշնամու վերջին նավերն ու վայրէջք կատարեց քաղաքի մոտ:
Քաղաքը, որ ինքը փրկեց, Անի վերանվանեցին: Հուզիչ զուգադիպություն էր՝ մեռած քաղաքի անունով էին կոչել աղջկան, մեռած աղջկա անունով կոչեցին քաղաքը: Հիմա ինքն էլ էր մեռնում, բայց աշխարհում հետք էր թողել:
Հետո չգիտես որտեղից հայտնվեց Անին՝ խաշած կաղամբ էր բերել: Կերավ ու հիշեց խաշած կաղամբի համը, հիշեց, որ թոնրի լավաշի համար գնում էին գյուղի միակ տունն, ուր դեռ ավանդական լավաշ էին թխում ու հերթ կանգնում: Ամեն ինչ նման էր մանկությունից վերածնված հեքիաթի: Հետո եկավ Այյան, երեխային իր գիրկը դրեց:
-         Դու դրախտում ես, - ասաց Անին:
Ու ինքը սկսեց հավատալ դրախտին: Ու ինքը սկսեց ապրել դրախտում:
***
Բանտարկյալներին սկզբում պարզապես քնեցնում էին: Հետո, երբ սկսեցին կիրառել կառավարվող երազները, որոշում կայացվեց, որ քնած ժամանակ մարդ չի դաստիարակվում, իսկ պատիժը պետք է ունենա դաստիարակիչ ազդեցություն: Ու երազների միջոցով մարդկանց դաստիարակում էին, մինչև որ սկսվեցին բողոքի ցույցերը. մարդիկ հանցանք են գործում ու քաղցր երազներ վայելում: Անարդար է: Անարդար է հանցագործության զոհերի հանդեպ:
Գործի դրվեցին երազները, որ շուտով բոլորի կողմից կնքվեցին Պատժիչ երազներ: Մարդիկ նորից ու նորից վերապրում էին իրենց կյանքի ամենամղձավանջային պահերը:
Մինչ ձախ ազատական ցուցարարները պայքարում էին երազները որպես պատիժ կիրառելու դեմ, փաստարկում,  որ դեռ երեք հարյուր տարի առաջ ամբողջ աշխարհում խոշտանգումներն արգելել են, մի խումբ երիտասարդներ աշխատում էին «Երազների կենտրոնական համակարգիչները» կոտրելու ուղղությամբ:
Ամբողջ աշխարհում միայն հատուկենտ մարդիկ գիտեն, որ բանտարկյալներն արդեն երջանիկ երազներ են տեսնում: