Tuesday, August 14, 2018

Կատուներ


-         Օգյո՞ւստ, թե Գուստա՞վ, -Նանեն մի քանի անգամ կրկնեց մտքում:
 Իր մտավորական ընտանիքում դա խարան էր՝ ինչպե՞ս կարելի է չհիշել Ռոդենի անունը: Ըստ տրամաբանության՝ ինքը պիտի ամաչեր, ու որպես կանոն, նա հետևում էր տրամաբանությանը: Այս անգամ ներսում ամեն ինչ իրար էր խառնվել:
Սկզբում նա նստեց բազկաթոռին, հետո կտրուկ շուռ եկավ ու ոտքերը կախ գցեց ցածր թիկնակից, մարմինը կամացուկ սահեց ներքև մինչև որ գլուխը հասավ հատակին, ու շեկ խոպոպները ցրիվ եկան կարմիր գորգի վրայով: Անգամ վաղ մանկության տարիներին այդպես թարս նստելու համար խիստ նկատողություն էր ստանում:
-         Կիկի, Օգյո՞ւստ, թե Գուստա՞վ:
Կատուն, անունը լսելով, մի պահ բաձրացրեց գլուխը, բայց տիրուհու կողմից այլևս ուշադրության ոչ մի նշույլ չեղավ, ու Կիկին նոր եռանդով շարունակեց իր լվացվելու արարողակարգը:
Նանեի համար այնքան անսովոր չէր չհիշելը, որքան այն, որ խիղճն այս անգամ չի տանջում ու հիշելու համառ ջանքերը պայմանավորված էին ոչ թե խղճի խլրտոցով, այլ հետարքրասիրությամբ:
-         Հասկանում ես, Կիկի, ես պարտավոր չեմ հիշել նրա անունը: Ի՞նչ նշանակություն ունի, թե ով է քանդակագործը: Կարևորն այն է, որ ես հասկանում եմ արձանը, կարևորն այն է, որ ես հրաշալի քանդակում եմ ու գուցե մի օր անգամ ավելի մեծ լինեմ, քան Ռոդենն էր: Ինչո՞ւ եմ պարտավոր հիշել նրա անունը: Երբ ես մեծ դառնամ, ինձ համար միևնույն կլինի ինձ մահից հետո Աննի կասեն, թե Նանե, ինձ համար ավելի կարևոր կլինի, որ մարդիկ տեսնեն այն, ինչ ինձ տրված է տեսնել, որ կարողնան գոնե հեռավոր կերպով զգալ այն, ինչ միայն ես եմ զգացել: Ի՞նչ կարևոր է, որ իմ քանդակին նայելուց ասեն սա Նանե Լուսինն է պատկերել: Ի՞նչ կարևոր է…
Նանեն լռեց, փառասիրությունը ներսից աղաղակում էր, որ կարևոր է, որ ինքը ցանկանում է, որ իրեն հիշեն, որ ինքը փափագում է ապրել իր ֆիզիկական կրիչից երկար, որ ինքը ցանականում է լինել մարդկանց մտքերում: Փառասիրությունն ամեն ինչ փչացրեց, նորից սկսեց խիղճը տանջել, որ չի հիշում Ռոդենի անունը: Արթնացած խիղճը նկատողություն արեց նաև բազկաթոռում նրա զբաղեցրած իռացիոնալ դիրքի համար: Նանեն ուղղակի շրմփաց հատակին՝ բազկաթոռից ազատվելու խղճուկ փորձերում: Հետո ուղղվեց, նստեց ու ինքն իրեն կրկնեց՝
-         Հիմա, Օգյուստ Ռոդենի «Մտածող»-ի պես գլխահակ, ձեռքս կզակիս, մտքերս՝ աշխարհով մեկ ցրիվ տված ես փորձում եմ կենտրոնանալ ու հասկանալ, թե ինչ եմ ուզում կյանքից: Ի՞նչ եմ ես իմ ողջ գիտակից կյանքում որոնել: Մայրիկն ասում է, որ քանդակագործությունը բռի ֆիզիկական աշխատանք է, վայել չէ դեռատի աղջկան, ով դեռ նոր է դարձել 16 տարեկան: Հայրիկն ասում է, որ ես պետք է շատ բանի հասնեմ կյանքում, որ ճակատագիրն ինձ դրա համար շնորհել է տաղանդով, իսկ իրենք ինձ ոչինչ չեն խնայել՝ տալով պատշաճ կրթություն: Ու հիմա ես ուղղակի իրավունք չունեմ կյանքս մսխել միջակ բաների վրա: Տատիկն ասում է, որ ամեն ինչ սուտ է, նկարչությունը, քանդակագործությունը, դրանք կարող են մնալ որպես հետաքրքիր զբաղմունք, բայց կնոջ առաքելությունն ընտանիքն է ու իմ ամբողջ ժամանակը և ուշադրությունը պետք է ուղղված լինի արժանի կողակից գտնելուն: Պապիկը, պապիկի համար միևնույն է, թե ես ինչ կլինեմ, ինքը լաբորատորիայից ամիսը մի անգամ է դուրս գալիս՝ համոզվելու, որ մենք դեռ կենդանի ենք ու էլի հետ է դառնում իր գիտափորձերին: Ու մենակ դու ես, Կիկի, որ լսում ես, թե ես ինչ եմ ասում: Իսկ ես ի՞նչ եմ ասում: Ի՞նչ եմ ուզում: Կիկի, ի՞նչն են ինձ ներշնչել ու ի՞նչն է այն, ինչ ես եմ ուզում: Ինչպե՞ս հասկանալ, կբացատրե՞ս:
Կատուն, պարբերաբար անունը լսելով, եկավ ու սկսեց քսմսվել տիրուհու ոտքերին: Նանեն բարձր ձայնով հեկեկում էր:
-         Ես չգիտեմ՝ ինչ եմ ուզում, Կիկի: Ավելի շուտ, ես բացարձակ ոչինչ, ոչ մի բան չեմ ուզում: Ուղղակի աննպատակ պառկել ու ոչինչ չանել: Ես պետք է կատու ծնվեի, Կիկի:
Նանեն չգիտեր, որ իրենց պարսկական կատվի նախնիները հին, տոհմիկ կախարդների են պատկանել: Առավել ևս չգիտեր, որ իրենց կախարդական ուժը մարդիկ ստանում էին մոգական կատուներից: Կիկին այլևս չէր կարող հանդուրժել աղջկա սրտաճմլիկ նվնվոցները,  ինչ-որ բան մլավեց կատվերեն ու Նանեն վարկենապես վերածվեց բարալիկ, շեկլիկ կատվի: Առաջինը կորան գույները, Նանեի աչքերը սկսեցին աշխարհը ընկալել կապույտի ու դեղինի երանգներով: Հետո նա պետք է հայտնաբերեր, թե ինչ հրաշալի բան է ստերեոսկոպիկ տեսողությունը, ավելի լղոզված էր ամեն ինչ, բայց մթում տեսնելու կարողութունը, որ Նանեն գիշերը կհայտնաբերեր, հրաշալի փոխհատուցում էր դրա դիմաց: Ամեն ինչ ուրիշ էր՝ ձայներն ավելի խորն էին ու հագեցած, հոտերի բազմազանությունն արբեցում էր՝ առաջներում երբեք նման բան չէր զգացել: Վարկենապես նկատում էր շարժումն ու ներսում որսորդի բնազդն էր արթնանում:
Մի շաբաթ տանիքներին: Նանեի կյանքի երջանկագույն օրերն էին դրանք: Բայց Նանեն դեռ կատու չէր, կարոտում էր ընտանիքը: Մի շաբաթ հետո նա արդեն մարդկային գզգզված կերպարով կանգնեց ծնողների առաջ: Կիկին խնդրանքը չէր մերժել:
-         Դու անտանելի ես, - ասաց մայրը:
-         Հիասթափված եմ, - ասաց հայրը:
-         Լողացի, արի հաց ուտելու, - անտարբեր վրա բերեց տատիկն առանց հոգատարության նշույլի:
-         Հիմա չէ, զբաղված եմ, աղջիկս, երեկոյան կխոսենք, - ասաց պապիկը, երբ լացակումաց աղջիկը թակեց նրա աշխատասենյակի դուռը:
Նա մի ամբողջ օր սենյակում փակված ետուառաջ էր անում: Երեկոյան որոշումը կայացրել էր.
-         Կիկի, ես գտա այն, ինչ ամբողջ կյանքում փնտրել եմ՝ իսկական ազատությունը, ինձ կատու դարձրու, մեկնդմիշտ:
Ոչինչ չկատարվեց:
-         Կիկի, աղաչում եմ, դու չես հասկանում, թե ինչ է ինձ համար կատվի կյանքը, բոլոր քաղքենիությունները, պայմանականությունները, ամեն ինչ գնում է գրողի ծոցը, դու ես, քո բնազդները, վերջ: Կատու լինել եմ ուզում:
Կինին չէր արձագանքում: Նանեն մոտեցավ կատվին ու միայն այդտեղ հայտնաբերեց, որ իրենց շատ-շատ ծեր կատուն ուղղակի շունչը փչել է: Կախարդանքները շատ ուժ են խլում:
Նանեն ծալպատիկ նստել հատակին ու նայում էր անորոշ կետի: Մի բան պետք է աներ, բայց չգիտեր՝ ինչ:
-         Կիկի, ես կատու եմ, - կատվի նկարը գրկած մանտրայի պես կրկնում էր աղջիկը:
Տանիքից վար նետվելու պահին կատվի ուրվականը երկար ու աղիողորմ մլավեց տանիքին: Առավոտյան, քթի տակ մրթմրթալով, փողոցներն ալվող պապիկը ասֆալտից պոկեց կատվի դիակն ու աղբամանը նետեց: 
Նանեին այլևս ոչ ոք երբեք չտեսավ, բայց պատմում են, որ գիշերը տանիքներին վազում են մոխրագույն ու շեկ կատու-ուրվականները: Ոչ ոք չգիտի, որ հետո կատուները մտնում են աղջկա կողպված արվետանոց: Մինչև լուսաբաց շեկ կատուն պտտվում է կիսատ քանդակի շուրջ ու անզոր նվում, որ էլ երբեք չի կարող այն ավարտել: