Monday, April 7, 2014

Քլարքը

Մի հավատացեք նրանց, ովքեր պնդում են, թե Քլարքի գալով ամեն ինչ կերպարանափոխվեց: Հենց սկզբից էլ ամեն ինչ տարօրինակ ու անհեթեթ էր, ուղղակի այդ ամենի ֆոնին Քլարքի սեփական անհեթեթությունն արդեն չափազանց էր: 
- Բարձրահասա՞կ, չէ, միսթր Սմիթ, Քլարքը բարձրահասակ չէ, երկար է:
- Ու խոտի պես նիհար:
- Ինչի՞ պես:
- Դե ոնց որ խոտ լինի, էլի:
Սմիթը լուռ նայում էր մերթ կանաչ մազերով Մակիին, ով չի կարող ինչ-որ բան նկարագրել առանց «խոտի պես» որոշիչի: Մերթ նայում էր շոշափուկներն իրեն քաշած ու տիեզերանավի գլխին կծկված Նենսիին: Երկուսն էլ ամեն ինչում մեղադրում էին Քլարքին: 
Սմիթի համար ամեն ինչի մեղավորը խոտանն էր. դեռ ոչ մի անգամ, երբեք, անգամ ամենաառաջին փորձերի ժամանակ տիեզերանավը սխալ մոլորակ չէր գնացել: Իսկ հիմա արդեն իրենց արտադրության երեք տիեզերանավ լռվել է այս մոլորակում, որտեղից ոչ ուղարկել են կարողանում որևէ ազդանշան, ոչ ստանալ: Ու հանկարծ երկնքում փրկության պես երևում է ոչ թե իրենց մի հոգու համար նախատեսված խցերից, այլ՝ իսկական, մեծ մարդատար:
Ու մոտենալով ինչքան մեծանում էր մարդատարը, այնքան մեծանում էր հույսը, որ շուտով կհեռանան մոլորակից: Այդտեղ ընկնելու պահից ի վեր դեռ ոչ մի անգամ այդքան երջանիկ չէին եղել:
Փրկության հույսը մարեց Քլարքի հայտնվելուն պես՝ նա էր մարդատարի միակ ուղևորը, անձնակազմը վթարից հետո էվոկուացվել էր՝ Քլարքի պատմելով, իսկ ինքը՝ ոչ, քանի որ սխալ կոճակներ սեղմելով խոտանել էր իր էվոկուացիոն խցիկը: Մնացել էր հուսալ, որ հրաշքն իրեն կփրկի, իսկ հրաշքը նրան նետել էր այս մոլորակ:
Հուսախաբությունն ավելի սարսափելի էր, քան մոլորակում անորոշ ժամնակով լռվելը: Քլարքն այդ հուսախաբության մարմնավորումն էր ու հենց սկզբից արժանացավ համընդհանուր ատելությանը: Սմիթը դեռ շարունակում էր իրեն վերագրել ոչ կանխակալ, ռացիոնալ ու հումանիստ անհատի դերը, ով ամեն ինչում մեղադրում է ոչ թե Քլարքին, այլ՝ տիեզերանավերը:
- Արդեն չորս տիեզերանավ, ամբողջ չորս անիծյալ թռչող մեխանիզմ, - հիստերիկ ձայնով կրկնում էր Սմիթը:
- Ու Քլարքը, - չէր նահանջում Նենսին:
- Մի տուր դրա անունը, աղաչում եմ, - ծվում էր Մակին:
Այդ ընթացքում Քլարքը հետազոտում էր մոլորակը: Ամեն օր նոր հանքանյութեր էր քարշ տալիս, բերում:
- Միսթր Սմիթ, եթե ինձ օգնեք, մենք կհեռանանք մոլորակից, - Քլարքի ձայնում ինքնավստահություն կար:
- Ո՞նց,- Սմիթի ձայնում կար հեգնանք:
- Քլարքն ինչ-որ բան կմկմաց: 
Եթե նա կարողանար մտքերը հստակ ձևակերպել, կասեր մոտավորապես հետևյալը.
- Ես կկառուցեմ նոր տիեզերանավ: Ինչքան հասկացա, այս մոլորակի մագնիսական դաշտերի անոմալիան է շարքից հանել մեր գրավիտացիոն շարժիչները: Եթե ես սովորական հրթիռային շարժիչ պատրաստեմ, պատմության դասագրքերում դրանց մասին գրած կա, ապա այն իմ նավը դուրս կհանի մոլորակի ազդեցությունից ու արդեն բաց տիեզերքում կկորաղանամ գործի դնել գրավիտացիոն շարժիչները: Բացի դա էլ, նոր կառուցված հրթիռային շարժիչը կարող եմ հանգիստ մի կողմ նետել ու այն ավելորդ ծանրաբեռվածություն չի դառնա տիեզերանավի համար:
Բայց Քլարքը միայն կցկտուր բաներ խոսաց սկզբում մոլորակի աբրա-կադաբրայի մասին, հետո գնաց վաղ միջնադար, երբ մարդիկ կատարում էին առաջին տիեզերական թռիչքներն ու այդպես էլ ոչ մի կերպ չհիմնավորեց, թե ինչպես պետք է հեռանան մոլորակից:
- Գնա գրողի ծոցը, դու անգամ էվոկուացվել չես կարողանում, - իր հեղինակավոր կարծիքը հայտնեց Սմիթը:
Նրա առաջարկին Նենսիի ու Մակիի արձագանքն էլ ավելի կոպիտ էր:
Քլարքը շարունակում էր թափառել մոլորակով ու հավաքել տարբեր նյութեր: Հետո նրա տիզերանավի մոտ սկսեցին տարօրինակ լույսեր թարթել:

- Ես էդպես էլ չհասկացա, թե ոնց ինքը կարողացավ թռնել, - արդեն մի տարի անց ասաց Նենսին:
- Մենք մեզ խոտի պես պահեցինք, ախր մարդն ասեց, արդեն ամեն ինչ պատրաստ է, կարող ենք հեռանալ իր հետ:
- Բայց ինքը չէր կարող անգամ… թո՜ւ, - Սմիթը ծխեց իր ահռելի պաշարի վերջին գլանակը: