Sunday, October 27, 2013

Հին ընկերը

Կիսահարբած թառել էինք բազիրքին ու իններորդ հարկի վեհությունից նայում էինք ոտքերի տակ փռված քաղաքին:
-        Մեկնումեկս կընկնի:
-        Հրե՞մ:
Աննորմալ բարձր ծիծաղելու պատճառով նկատողություն ստացանք հարևան  պատշգամբում ծխող տատիկից: Ավելի բարձր ու ավելի լպիրշ ծիծաղեցինք: Ուրիշ ժամանակ բարեկիրթ ու բարի մարդիկ էինք, էս անգամ տաս տարի իրար չտեսնելուց հետո ուղղակի հանդիպել էինք փողոցում, իրար ժպտացել, ծանոթացել, մի քանի րոպե տևած մշուշոտ կասկածներից հետո իրար վերագտել: 
- Գիտես, որ քո մասին տանեցիներին պատմում էի, մտածում էին երևակայական ըներ ես, էդպես էլ ախր չհաջողվեց ծանոթացնել:
 - Հիհի, իսկ ես քո մասին ոչ էլ պատմում էի, բայց որ պատմեի, նույնն էին մտածելու:
Նորից ծիծաղեցինք, հազիվ ինձ պահեց, որ վար չընկնեմ: Կիսահարբած վիճակի սթափ կեսը երկուսիս էլ վար իջացրեց պատշգամբ: 
 - Անդաստիարակներ, - ասաց տատիկը, վար ներեց ծխախոտն ու ներս անցավ:
Հաջորդ օրը մերոնց ոգևորված պատմեցի:
Արդեն մե՞ծ չես երևակայական ընկերների համար:
- Ինքը երևակայական չի:
Հեռախոսը սառն ու ռոբոտային ասում էր, որ նման համար գոյություն չունի: Սպասում էի, որ ինքը կզանգի, ապարդյուն: Իներորդ հարկի բնակարանի դուռը փակ էր: Հանկարծ դիմացի դռնից դուրս եկավ երեկվա տատիկը: 
- Հիշո՞ւմ եք, երեկ իմ հետ մի մարդ կար, էստեղ, պատշգամբում: 
 - Էն անդաստիարա՞կը:

Որախացա, ուրեմն նա գոյություն ուներ, ուրեմն կզանգի: Չզանգեց: Հիմա մտածում եմ. գուցե տատիին էլ էի ես հորինել:

Saturday, October 5, 2013

Ագռավը

Մենք նորից բարձրացել էինք ու նստել տանիքին: Պայմանավորվել էինք, որ այս անգամ ես եմ ագռավը, դու՝ սև կատուն: Բայց հերթական անգամ դու եղար ագռավը, ես եղա վհուկը: Կամացուկ թառեցիր ուսիս ու սկսեցիր բամբասել հյուսիսային քամուց: Հարավային քամին խուտուտ տվեց փետուրներդ, դու ծիծաղեցիր ու շարունակեցիր ինչ-որ բան պատմել ձյունամրրիկների մասին: Ամբողջ ասածդ չէի լսում, միայն կցկտուր բառեր էի որսում՝ փորձելով դրանք ընդհանուր սյուժեին միացնել: Ուղղակի հաճելի էր այդպես նստել տանիքին, լսել քո կռռոցն ու նայել գիշերին:
- Լսո՞ւմ ես:
- Ըհը:
- Չես լսում, երազում ես, - հերթական անգամ կռռացիր, ագռա՛վ, ու թռար անորոշ ուղղությամբ:
Շոշափելով գտա ցախավելն ու թռա քո հետևից: 
Ինձ գտան տանիքի տակ, ամբողջովին ջախջախված, մեռած ու սառը՝ աչքերս վաղուց չքված լիալուսնին: 
- Ասում էի, չէ, պետք է ագռավը ես լինեմ, կբացեի թևերս ու… Գիտեիր, որ ես այդպես էլ ցախավելով թռչել չսովորեցի:
- Լավ, այս գիշեր դու եղիր ագռավը:
- Ուշ է, այս գիշեր ես ուրվականը կլինեմ:
- Պայմանավորվեցինք:

Sunday, September 29, 2013

Խառնաշփոթություն


     «Այս խառնաշփոթությունը մի քիչ քամի է, մի քիչ արև և շատ-շատ ձյուն». պատասխանեց փոքրիկ աղջիկն իր նկարիչ հայրիկին, երբ նա հարցրեց, թե ինչ է պատկերում իր տաղանդավոր դստրիկի նկարած խառնաշփոթությունը: 
      Իսկ նկա՜րը... քամուց ծառերի անորոշ զանգվածը փռվել էր գետնին և նման էր կանաչադարչնագույն գորգի: Արևի ճառագայթները մխրճվել էին գորգի մեջ` հիշեցնելով անկյունում ընկած դեղին կծիկից քանդված ոսկե թելեր, իսկ կապույտ և երկնագույն փաթիլներով իջնող ձյունը ֆանտաստիկ տեսք էր տալիս «կտավին», ինչպես փոքրիկ աղջիկն անվանում էր իր նկարը:
     Փոքրիկ աղջկան դուր էր գալիս նայել, թե ինչպես է նկարում հայրիկը, բայց ամենից շատ աշխարհում նրան դուր էր գալիս նկարելը: Նկարելիս նա չէր փչացնում հոր նկարչական պարագաները: Փոքրիկ աղջիկն ուներ սեփական նկարչության տետրը և գունավոր մատիտներ: Նա չէր ցանկանում դավաճանել նրանց` փոխարինելով դրանք կտավով և յուղաներկով:
         Եվ նկարում էր փոքրիկ աղջիկը: 
     Մատիտի դատարկ տուփերը լցվում էին աղբարկղը, իսկ նրա դարակում օրըստօրե ավելանում էին նկարչական տետրերը` լի խայտաբղետ նկարներով:           Նրա նկարները գեղեցիկ էին, և բոլորը գոհացնում էին նկարիչ հայրիկին, բացի վերջին խառնաշփոթությունից: Չգիտես ինչու, այն դարձել էր փոքրիկ աղջկա ամենասիրելի նկարը: Նա պատռել էր թերթը և այն միշտ պահում էր իր մոտ: Բայց մի օր նա մոռացավ իր «մի քիչ քամի, մի քիչ արև և շատ-շատ ձյուն» նկարը սեղանին: Այդ օրը մայրիկը երկարատև հյուրախաղերից հոգնած վերադարձավ տուն: Նա անմիջապես, չնայած հոգնածությանը, ստանձնեց թափթփված սենյակները հավաքելու գործը: Առաջինը, ինչ-որ նա արեց, սեղանի վրայի ավելորդ թղթերը բուխարու կրակին հանձնելն էր: Կրակն անխղճորեն այրում էր փոքրիկ աղջկա նկարը: Նա նետվեց` փրկելու այն, բայց նկարն արդեն մոխրացել էր:
       Այդ օրվանից աղջիկը դարձավ ինքնամփոփ ու մռայլ: 
Ծնողները չէին հասկանում նրան, նրանք չգիտեին, որ այդ նկարը աղջկա համար ոչ թե խզբզած թուղթ էր, այլ նրա էության մասնիկը: Ահա ինչու փոքրիկ աղջիկն անչափ վիրավորվեց, երբ մայրն ասաց, որ աղջիկն այդ թղթի կտորը սիրում է ավելի, քան իր ծնողներին: Ահա, թե ինչու, նա լացակումած հասավ անտառի կապույտ լճակին և իր արցունքները խառնեց լճակի ջինջ ջրերին:

       Մարտ էր` փոփոխական ու չարաճճի մի ամիս: ՈՒ՞մ մտքով կանցներ, որ այդ արևոտ եղանակին կարող է ձյուն գալ: Բայց ձյուն եկավ: Փոքրիկ աղջիկը շարունակում էր արտասվել, երբ իր թարթիչներին զգաց հալվող ձյան առաջին փաթիլները: Նա բարձրացրեց աչքերը և տեսավ ծառերի կանաչադարչնագույն զանգվածը, որը, քշվելով քամուց, գորգ էր հիշեցնում: Արևի ոսկե կծիկն իր թելերն էր մխրճում կանաչադարչնագույն գորգի խորքերը: Իջնում էր ձյունը, փաթիլները լճի կապույտ ֆոնի վրա թվում էին կապույտ ու երկնագույն: Հանկարծ փոքրիկ աղջկան թվաց, որ իր նկարը չի այրվել, այն մարմնավորվել է և երևում է միայն իրեն: Նա տուն վերադարձավ ժպիտը դեմքին` մտածելով, որ այդ ամենն, իսկապես, խառնաշփոթություն է հիշեցնում:
Հետագայում մարդիկ չհասկացան, թե ինչու է մեծ նկարչուհին իր մի քիչ քամի, մի քիչ արև և շատ-շատ ձյուն պատկերող հիանալի կտավն անվանել «Խառնաշփոթություն»:

Friday, September 13, 2013

Դատավճիռ




- Ես չեմ սպանել նրան, ես միայն կերել եմ ճահիճը նետված դիակը,- արդարացավ ալիգատորը:

Մարդիկ նրան չհավատացին:

Մահապատիժ՝ վճռեց Լինչի դատարանը:

Կոկորդիլոսի դիակը ճահիճը նետեցին:

Friday, September 6, 2013

Սիգարը

Բարեկամությունը, որ վերագրվում էր միսթր Վիլիամսին ու  միսթր Մակլոքին, նրանց ընդհանուր ծանոթների մեջ տարածված ամենամեծ թյուրիմացություններից էր: Երկուսն էլ այդպես էին մտածում:
Այս երկու ջենթլմենները մրցակից էին բոլոր ոլորտներում: Ուսանողական տարիներին առաջին ընդհարումը եղավ սիրո հարցում. իրար խանգարելով՝ երկուսն էլ կորցրեցին Քեթրինին: Տարիներ անց երկուսն էլ հիմնեցին այդքան աղմուկ բարձրացրած ձկան պահածոների գործարաններն ու շուտով սնանկացան: Բնապահպանները հեղեղեցին բոլոր էկոլոգիական գերատեսչությունները՝ գետի աղտոտման ահազանգերով, իսկ երբ մարդիկ բարիք գործելու մոլեռանդ ցանկություն են ունենում, նրանց արդեն չես կանգնեցնի:
Վիլիամսն ու Մակլոքը հերթական անգամ հանդիպեցին ֆոնդային բորսայում: Իրար կոկորդ կրծելով՝ նրանք շարունակում էին դոփել տեղում, մինչև որ որոշեցին հանգիստ թողնել իրար ու սկսեցին ուրիշների կոկորդները կրծել: Իրենց որոշումը նրանք հաստատեցին ձեռքսեղմումով: Այս որոշման արդյունքում նրանցից յուրաքանչյուրը զգալի կարողություն կուտակեց: Վիլիամսն անգամ հաջողացրեց ամունանալ ու ամուսնալուծվել: Մակլոքը գերադասում էր սպասել, թե երբ կմեռնի Քեթրինի ծերուկ ամուսինը:
Ամեն տարի Վիլիամսն ու Մակլոքը հանդիպում էին ձեռքսեղման օրը, հիշում անցյալը, ծխում: Հանդիպումները տեղի էին ունենում Մակլոքի մոտ: Ամեն անգամ Վիլիամսն ուղղակի կատաղում էր, երբ իրեն սիգարները մատուցում էին փայտյա սովորական տուփից, իսկ Մակլոքի համար բերում առանձին, փոքրիկ, զարդանախշ տուփը: Նման խտրականության ժեստը Վիլիամսի համար դուրս էր հյուրընկալության ու ջենթլմենության հասկացություններից, բայց նա ամեն անգամ լուռ կուլ էր տալիս վիրավորանքը՝ ամեն ինչ բացատրելով Մակլոքի ցածր ծագումով, գռեհկությամբ, չտեսությամբ:
Նրանք ծխում էին, զրուցում ու առանց աղմուկի բաժանվում՝ ավելի ու ավելի ատելով իրար: Սովորաբար նրանք հանդիպում էին նախքան հյուրերի ժամանումը, հետո գալիս էր ամբոխը: Թե ինչ ձեռքսեղման մասին է խոսքը, հյուրերը՝ գործարարներ, փաստաբաններ, տարբեր մանր ու մեծ պաշտոնյաներ, չգիտեին, բայց բոլորին էր հայտնի, որ այդ օրը Վիլիամսն ու Մակլոքը նշում են փառավոր կերպով:
Հերթական ձեռքսեղման երեկոն չկայացավ: Մակլոքին գտան մեռած: Հետո հետաքննությունը կպարզեր, որ նա իմացել է Քեթրինի անժամանակ մահվան մասին ու ինքնասպան եղել: Այժմ նա ուղղակի սառած, անշունչ մեխված էր անկողնուն: Դեռ շեմից Վիլիամսին սպասավորները հայտնեցին նորությունը: Նա վազեց Մակլոքի ննջարան ու մինչև տեղ կհասներ, զգաց, թե ինչպես է լացը սեղմում կոկորդն ու քամում սիրտը: Երբեք չէր մտածի, որ Մակլոքի մահն իրեն ցավ կպատճառեր:
Մարդիկ էին հավաքվել, իրարանցում էր, շշուկները միալար գվվոց էին հիշեցնում, բայց իրեն կորցրած Վիլիամսը ոչինչ չէր նկատում: Քիչ անց նրա ուշադրությունը գրավեց սիգարների զարդանախշ տուփը: Աննպատակ ետուառաջ էր անում: Ավելի ու ավելի հաճախ էր նայում տուփի ուղղությամբ, մինչև ինքն էլ լրիվ չգիտակցելով՝ ինչ է անում, մոտեցավ տուփին, վերցրեց սիգարն ու չրխկացրեց կրակայրիչը: Էժանագին սիգարի թանձր, միաժամանակ քաղցրավուն ու կպչուն դառնահամ ծուխը քերեց կոկորդը: Զզվանքով մի կողմ նետեց սիգարը:
Մակլոքը կաթոլիկ էր: Եկեղեցում հանդիսավոր հրաժեշտի արարողություն էին կազմակերպել: Վիլիամսը մոտեցավ դագաղին, կռացավ, իբր հրաժեշտ է տալիս ու այնտեղ թաքցրեց հնարավոր լավագույն սիգարները, որ կարողացել էր հայթայթել: Նա հարյուրավոր վարկածներ էր առաջ քաշում, թե ինչու էր Մակլոքը ծխում այդ էժանագին սիգարները՝ ամեն անգամ մոըենալով պատուհանին, որ ինքը չզգա դրանց զզվելի հոտը: Երբեմն նա չարքաշ կյանքի ստվերն էր տեսնում, որ անգամ միլիոններ կուտակելով Մակլոքն իրեն թույլ չէր տալիս թանկարժեք սիգար, երբեմն նա ամեն ինչ բացատրում էր խղճի խայթով՝ Մակլոքը դւտավորյալ իրեն ստորացնում էր, բայց քանի որ խիղճը տանջում էր, ենթագիտակցորեն ինքն իրեն պատժում էր այդ աղբը ծխելով, կամ, ի վերջո, դա տարօրինակ Մակլոքի աննորմալության հերթական դրսևորումն էր: Վիլիամսը չգիտեր:
Օրեր անց, երբ կարդում էին Մակլոքի կտակը, Վիլիամսը հերթական առեղծվածին բախվեց՝ ինչո՞ւ էր Մակլոքն ամեն ինչ կտակել իր համար մեկ հակառակորդին՝ Վիլիամսին:

Դեռ երբեք Վիլիամսն այդքան մենակ իրեն չէր զգացել:

Wednesday, August 21, 2013

Ատունեի կործանումը

     Լեռնային կիրճում հսկա մի ծառ կար՝ Ատունեն: Նրա խավարի պես սև ճյուղերին այլևս կանաչ տերևներ չէին աճում: Մռայլ անշնչությունը տարածվում էր ծառի շուրջն ամենուր, բայց երբեմն այնտեղ կարմիր, գեղեցիկ ծաղիկներ էին հայտնվում: Այդ ծաղիկները հողի սրտից չէ, որ բարձրանում էին, դրանք որպես զոհաբերություն անմատչելի լեռներում ապրող Կարմիր Արծվի ցեղախումբն էր բերում: Նրանց պաշտամունքի առարկան էր Ատունեն: Ծառի խոռոչները` նման խոժոռ աչքերի, ներկել էին կարմիր դեռ հինավուրց նախնիները, և ցեղախումբը սկսել էր պաշտել կարմիրը: Ժամանակ առ ժամանակ հայտնվում էր ցեղախմբից մեկը և իր խնդրանքն ուղղում աստվածուհուն. հնչում էին անհեթեթ կամ նվիրական ցանկություններ, հնչում էին անգամ անասելի չար ցանկություններ, զոհաբերությունից հետո Ատունեն իրականացնում էր մարդկանց ցանկությունները: Միայն թե, քմահաճ էր Ատունեն ու օրհասական պահերին լքում էր մարդկանց:
Վաղ առավոտյան Ատունեի առաջ հայտնվեցին ամենագեղեցիկ ծաղիկները: Մի աղջիկ ծնկի իջավ և խնդրեց.
- Փրկի՛ր, հզո՛ր Ատունե, Կարմիր Արծվի ցեղախմբին սպանող ծարավից:
Երբ աղջիկը մանուկների կացարանից տեղափոխվեց մեծերի գետնափոր տնակը, նրան նոր անուն տվեցին: Կարմիր վարսերի պատճառով աղջկան Ատունե էին անվանում, բայց չարացած աստվածուհին չհանդուրժեց, որ իր անունով կոչեն մահկանացու աղջկա, որ մի խղճուկ, անցողիկ գոյություն իր անվանակիցը լինի: Ավելի մռայլվեց խորխորատը, անգամ ամպերը պահվեցին աստվածուհու զայրույթիցու որպես պատիժ երաշտ ուղարկեց Ատունեն ցեղախմբին:
Կարմրահեր աղջիկը եկել էր՝ խնդրելու, որ Ատունեն գթա մարդկանց: Հուսահատված նա շշնջում էր.
- Ես համաձայն եմ կրել հինավուրց պատիժը՝ մնալ առանց անուն և մինչև կյանքիս վերջին օրերը ապրել մանուկների կացարանում, միայն թե, Ատունե, գթա մարդկանց:
Աղջիկը հավատում էր, որ մռայլ աստվածությունը կլսի իրեն. դրա համար ինքը չափազանց թանկ գին էր վճարում: Բայց երեկոյան, երբ նա վերադարձավ կացարան, այնտեղ մարդիկ դեռ տոչորվում էին: Մանուկների ուժասպառ թնկթնկոցն ու հուսահատ հոգոցները թրատամ վագրի ժանիքների պես էին մխրճվում աղջկա մտքեր: Մարդիկ ատելութամբ էին նայում երաշտի պատճառ դարձած էակին: Աղջիկն ուժասպառ կրկին ծնկի իջավ: Մտքերն՝ իրարամերժ ու փոթորկուն, կտրեցին նրան իրականությունից ու նա նորից փախավ այնտեղ, ուր երազում էր: Ապա բարձրացավ ու երեր քայլերով հեռացավ ցեղախմբից:
Մարեց հավատը հին աստվածության նկատմամբ: Ատելությունը շանթեց սիրտը, և աչքերում ցոլացին արտասուքներ: Նա սլացավ հեռու` չարությամբ մտածելով այն ատելի անվան մասին, որ տվել էին իրեն: Նա արդեն չէր զգում ոչ քաղց, ոչ ծարավ, նա քայլում էր ու իրեն անհայտ մի զորություն զգում իր ներսում: Նա մերթ սեր էր կոչում այդ զորությունը, մերթ ատելություն:
Գիշերը մտամոլոր դեգերումները նրան կրկին տարան ծառի մոտ: Չգիտես որտեղից հայտնված քամին ողբում էր իր հավերժական վիշտը: Չղջիկները քարանձավներից դուրս էին թռչում ու քամուն բախվում: Լուսինը, ծարավ լուսինը տարտամ լույսով էր ծորում՝ պարտվելով վիթխարի ստվերներին:
Աղջկա այրվող աչքերը հառված էին ծառին: Հայացքում վայրի կայծեր էին հուրհրում, իսկ Ատունե աստվածուհու կարմիր աչքերը քարացած անտարբերությամբ էին նայում հուսահատ աղջկան:
- Հզոր աստվածուհի ես դու, Ատունե, բայց մարդիկ նույնպես ուժ ունեն, ունեն կյանքի ծարավ, մի՜ ստիպիր նրանց տոչորվել, դա սխալ է, վատ է - ասում էր աղջիկը հին աստվածությանը:
Ատունե աստվածուհու քարացած աչքերը նույն անտարբերությամբ էին նայում վրդովված աղջկան:
- Մի լռիր, Ատունե, ես քեզնից չեմ վախենում, դու ենթարկվում ես համընդհանուր ոգուն, գիշերհավասարին նա հառնել է իմ դեմ երազում: Այն երազում իմ նա քեզ նման չէր, նման էր մարդկանց, ուրեմն մեզ է ավելի սիրում, ուրեմն մեզ նա կպաշտպանի, դու պարտավոր ես ենթարկվել, պարտավոր ես փրկել մեռնող ցեղին, այլապես կգա Նրա պատիժն ու այնժամ ինքդ քեզ անգամ փրկել ի զորու չես լինի,- անիմաստ մերթ հորդորում էր, մերթ սպառնում աղջիկը մունջ ծառին:
Բայց Ատունեն չէր լսում նրան: Աղջիկն, արհամարհելով ուժգին քամու սառը պոռթկումները, կանգնել էր Ատունեի առաջ և իր ցեղի հանդեպ տածած սիրուց ուժ առած հրամայում էր Ատունեին փրկել բոլորին: Պառավ Ատունեն կուչ էր գալիս քամու ապտակներից, հոգնած ճռնչում ու չարությամբ քրքջում աղջկա պարզունակ բարության վրա: Աղջիկն այդ պահին բարի և ահեղ էր, Ատունեն թույլ էր ու չար: Եվ հանկարծ աղջիկը հասկացավ, որ իր համար Ատունեն այլևս պաշտամունքի առարկա չէ, այլ չորացած, ներկված մի ծառ, որի ոգին` մի պառավ խաբեբա, վախենում էր մահից և հզորության միֆ էր ստեղծել` խաբելով Կարմիր Արծվի ցեղախմբին: Հիասթափված աղջիկը ցանկանում էր ոչնչացնել մահասփյուռ ծառն ու նրա հետ՝ մարդկանց կաշկանդող անհեթեթ սնահավատությունը: Նա վազեց կրակ հայթայթելու, բայց երբ բարձրացավ ժայռի գագաթը, որի մյուս կողմում ցեղախումբն էր, անսպասելի որոտից քարացավ: Հաղթահարելով սարսափը` նա ետ նայեց և տեսավ այրվող Ատունեին: Աղջիկը չարախնդաց՝ համընդհանուր ոգին, որ ավելի հզոր և բարի էր, պատժել էր չար աստվածուհուն: Խավարում վիթխարի խաույկի պես մոխրանում էր Ատունեն:
Այս լուրը նա առաջինը տարավ, բայց նրան չհավատացին, և ցեղախմբի ավագները ցանկացան սեփական աչքերով տեսնել սարսափելի հրաշքը:
Վերադառնալով` նրանք աղջկան մեղադրեցին:
- Աստվածասպան, - հնչեցին վախվորած շշուկներ ցեղախմբում:
Աղջիկը չարդարացավ, բայց սկսեց մտածել, որ իր ատելությունն էր շանթի վերածված այրել ծառը: Ծերերը խորհրդի նստեցին:
- Հեռացնենք նրան ցեղախմբից, նա դժբախտություն է բերում, նորանոր դժբախտություններ:
- Ատունեն չի ների, եթե նա ապրի, պետք է սպանել նրան:
- Սպանե՜լ, ինչպես նա էր ցանկանում ոչնչացնել աստվածուհուն:
- Այո՜, մենք կայրենք նրան այրվող Ատունեից վերցված խանձողով:
- Որոշումը կայացված է, - վերջում խոսեց առաջնորդրը:
Աղջիկը սարսափած էր, բայց հավաքեց իր ողջ արիությունը, անտարբեր մոտեցավ խռիվին, մի թեթև թռիչքով բարձրացավ վեր և սահուն նստեց ճյուղերի վրա:
- Ես պատրաստ եմ մեռնել, չա՛ր աստվածություն: Համընդհանուր ոգին ինձ իր մոտ կտանի, իսկ քեզ մեկընդմիշտ կկլանի մահվան ամպը: Իմ կյանքը ես կդնեմ զոհասեղանի ու իմ մահը քո անեծքից հզոր կլինի, ինչպես հզոր էր իմ զայրույթը քո կյանքից, - շշնջում էին նրա գունատ շուրթերը:
Նա հավատացնում էր իրեն, որ չի վախենում, բայց երբ խռիվը բոցավառվեց, սարսափի մի խուլ ճիչ թռավ շուրթերից, և նա ուշաթափ ընկավ:
Անձրևի սառը կաթիլները նրան ուշքի բերեցին: Աղջիկը մի պահ էր միայն մնացել ուշաթափ, բայց այդ ակնթարթն էլ բավական էր, որ համընդհանուր ոգին տեղատարափ անձրևով հանգցներ խարույկը: Ցեղախմբում հավատացին, որ Ատունեն ներել է նրան: Մարդիկ հեղեղի պես սլացան խորխորատ: Նրանց հետևից դանդաղ, գլխիկոր քայլում էր և աղջիկը: Նրան թվում էր, թե կտեսնի վերածնված, չար Ատունեին, սակայն ծառը վաղուց մոխրացել էր, իսկ անձրևը` որպես անսանձ հեղեղ, նրա խղճուկ մնացորդները քշում էր հեռու` խառնելով արթնացած գետին:
Աղջկա ներսում իրարամերժ վախեր կային. նա մերթ իր հորինած համընդհանուր ոգուն էր հավատում, մերթ չար Ատունեի աստվածային զորությանը, այժմ նրա ներսում մի ուրիշ պաշտամունք էր գոյանում:
Բլրի գագաթից աղջիկն արհամարանքով էր նայում ծառի վերջին բեկորներին, հիասթափված նայում էր բլրի շուրջ խռնված մարդկանց, որոնք վախվորած, բայց հիացմունքով լի հայացքները հառել էին նրան: Ատունեի կործանումից հետո փշրվել էր հին պաշտամունքը, հիմա նրանց պաշտամունքի առարկան այդ աղջիկն էր: Աղջկան ինչ որ մեկն Ատունե անվանեց: Ցեղախումբը ծնկի իջավ հրահեր աղջկա առաջ` երկրպագելով նրան:

Աղջիկա ներսում նոր, անծանոք հույզերի հեղեղ էր: Իր բարձունքից նա հայացքը վար էր հառել ցեղակիցներին. այդ պահին հավատում էր, որ ինքն աստվածուհի է, հզոր ու արդար աստվածուհի: Նա այլևս չէր, դողում, նա չէր երերում, հաստատուն հողին կանգնած նա չէր զգում, թե ինչպես են ոտքերը հողի մեջ մխրճվում, թե ինչպես են թևերը ճյուղերի պես տարածվում: Ինչքան շատ էր աղջիկը հավատում իր աստվածային զորությանն, անքան խորն էին սև արմատները մխրճվում հողի մեջ: Ցեղախումբը տեսավ, թե ինչպես բլրի գագաթին կանգնած աղջիկը ծառի վերածվեց: Ավելի ուշ քրմերը կարմիր ներկեցին ծառի խոռոչները: