Wednesday, July 4, 2012

Ես մի ամբողջ հավերժություն վերապրեցի վայրկյանը.
Ոչնչացումն էության եկավ դիմակով գիշերի,
Ապավինեցի ամենին, ինչ կեղծ էր, նյութական էր
Ու անտեսեցի մոլեգին ճիչն իմ մեռնող հուշերի:

Ես վերապրածս փոշիացրեցի հանուն ոչինչի.
Մի մեծ ոչինչ կար՝ թվում էր ամենն, ինչ որ ես ունեմ,
Ու հոգեվարքում դեռ արձագանքող իմ վերջին ճիչի
Խավարեց մռայլ ու մեռավ մի պահ իմ աշխարհն ամեն:

Վերածնունդս հրաշք չէր, բնավ, ես կյանք ունեի,
Մի կյանք դեռ չապրած, կյանք չվայելած ու չտառապած,
Բայց իմ մեջ ապրեց ու երկար ապրեց ոչինչն ամայի,
Ու այն դեռ երկար կլանեց կյանքում սիրո ամեն կայծ:

Հողաթափերս բացօթյա գիշերից հետո սառն են,
Վիրավորված են,
Առաջվա պես ինձ արդեն չեն ծառայում:
Չկա հավատարմությունն ու ջերմ գուրգուրանքը
Հոգնած ոտքերին,
Ավելի հաճախ են այժմ սայթաքում:
Անսովոր անշուք են հողաթափերս՝ ցրտից կուչ եկած,
Խղճում եմ նրանց,
Ու հերթական անգամ դեն չեմ նետում…

Sunday, July 1, 2012



Ատելությունը գրեցին մեծատառով,

Իսկ մարդասերներին հայտարարեցին ազգի թշնամի,

Ստեղծեցին երկեր՝ չար ու անբարո,

Սանձարձակությանն ազատության դիմակ հագցրին:

Երազելը համարեցին թուլություն,

Իսկ հայհոյանքն ու կռմփամարտը զորության նշան,

Սպանեցին վերջին խոյանքը հոգու

Ու հորջորջեցին, թե թռիչք ունեն, թե հավերժացան:

Կախ ընկան ժամանակի բեղերից ու ետ պտտեցին

Մինչև որ ժամանակն իրեն թափ տվեց,

Ազատ անկումը մի պահ ազատություն կոչեցին,

Դահիճները մնացին առանց դիմակ ու կացին:

Ու մժեղներն ընկան

ու մժեղներն այդուհետ ապրում են ճահճում: