Monday, May 25, 2020

Կործանված քաղաքակրթությունը

Աստղադիտակն առել, բարձրացել էր տանիք ու չորս աչքերն էլ լա՜յն բացած նայում էր աստղերին:
Մաքրեց օբյեկտիվը, նորից նայեց, ապա օդում անկանոն թափահարելով բոլոր տասներկու շոշափուկները՝ աստիճաններով հապճեպ վար սողաց տանիքից:
- Տատի՜կ, մեր մոլորակի վրա այլմոլորակայիններ են գալիս, մե՜ծ-մեծ նավերով:
Խոշոր աստղադիտարանները միայն հաջորդ օրը գրանցեցին երկու վիթխարի օբյեկտները:
- Դրանք արհեստական ծագում ունեն ու շարժվում են մեզ վրա, - մտախոհ ասաց Արբանյակային աստղադիտարանների միության նախագահը:
Դեռ տարի էլ չէր անցել, երբ սիրողական աստղադիտակներով արդեն հազարավոր արեցիներ տեսել էին աստղանավերն ու աղմուկ բարձրացրել: Այդ օրերին բոլորը խոսում էին թշնամի այլմոլորակայինների մասին, աշխարհի վերջի անխուսափելիության ու մահվան մասին: Դեռ երբեք Արե մոլորակը նման ճգնաժամ չէր տեսել՝ աշխարհի մոտալուտ վախճանը համնդհանուր խուճապի էր մատնել արեցիներին: Սուիցիդալ համաճարակից հետո սկսվեց շառլատանների մեծ դրամահավաքը՝ այլմոլորակայիններից Արեն պաշտպանելու համար: Արդյունքում հաջորդ քայլով մոլորակի գլխին կոտրվեց տնտեսական ճգնաժամը: Ավելի ուշ սկսեց գործել սեկտան՝ ոմանք հավատում էին, որ այլմոլորակայինները գալիս են՝ փրկելու իրենց տոտոալ քաոսից: Սեկտան պայթեցրեց այլմոլորակայիններից պաշտպանվելու համար կառուցած հրթիռները: Հետո արդեն պատերազմն էր:
Նավերն առաջինը նկատած պատանին արդեն ծեր էր, կիսավեր տան տանիքին նստած՝ նա տեսավ, թե ինչպես նավերը հասան իրենց արեգակնային համակարգ, շրջանցեցին այն ու շարունակեցին իրենց ճամփորդությունը չգիտես թե ուր՝ այդպես էլ երբեք չիմանալով իրենց պատճառով կործանված քաղաքակրթության մասին: