Sunday, March 20, 2016

Ուուո՜ւ

Լիալուսնի ժամանակ ես գայլ էի դառնում: Ջոնին ասում էր, որ դա հակասում է գիտությանը: Իմ վստահ կարծիքով՝ գիտությանը հակասում էր Ջոնիի համապարփակ բթությունը, բայց այս անգամ նա ճիշտ էր: Չկար ոչ մի տրամաբանական բացատրություն, թե ինչպես կարող է մարդու մարմինը լուսնի ձգողականության դաշտում մինչև անճանաչելիություն փոխել իր ֆիզիոլոգիան ու արդեն ժամեր անց հետ վերադառնալ նախնական վիճակին: Ջոնին վարկած ուներ, որ գայլի վերածվեը ոչ թե ֆիզիոլոգիական փոփոխություն է, այլ՝ հոգեբանական ու առաջարկում էր հոգեվերլուծության սեանս անցկացնել, բայց հոգեվերլուծությունն ավելի է հակասում գիտությանը, քան իմ գայլ դառնալը: Ես կարող էի դասախոսություն կարդալ, թե ինչպես է հոգեվերլուծությունը կտրտվում, թափվում Օկկամի ածելիի կողմից, ես կարող էի Պոպպերի կրիտերիան դեմ տալ հոգեվերլուծողներին, բայց այդ ամենի շուրջ ես ուղղակի մակերեսային  ու հպանցիկ պատկերացում ունեի ու խորանալու ոչ մի ցանկություն: Դրա համար էլ ուղղակի բառացի հավատում էի այն խելոք մարդկանց, ովքեր հոգեվերլուծությանը հիմնավոր սկեպտիցիզմով էին մոտենում: Այն, որ փոքր ժամանակ ես հազիվ եմ մազապուրծ եղել գայլերի ոհմակից չէր կարող տանել այնպիսի խանգարման, որ ես ինձ նրանց հետ նույնացնեի, ես ինձ զգում, տեսնում, ընկալում էի որպես գայլ, ես դառնում էի գայլ, ոչ թե համարում, որ ես գայլ եմ դառնում:
Հաջորդ գայլ դառնալուց արժեր Ջոնիի կոկորդը կրծել՝ որպես իր սխալականության ամենաակնառու փաստարկ, բայց ես ամեն ինչ անում էի, որ հաջորդ անգամ գայլ չդառնամ: Ինչքան մոտենում էին լիալուսնի օրերը, այնքան ավելի էին իմ ներսում աճում, գալարվում, խլրտում գայլային բնազդները: Գիշերը դուրս գալու ու ոռնալու անսանձ ցանկությունը խեղդում էի քնաբեր հաբերի միջոցով, գնում էի Ջոնիի ննջարարն ու նայում, երկար նայում, թե ինչպես է ավագ եղբայրս անհոգ քնած իր անկողնում՝ վստահ, որ ես ոչ թե դառնում եմ գայլ, այլ՝ ինձ գայլ եմ համարում:
Տան անդամներից միայն Ջոնին էր ինձ սիրում, սովորաբար որդեգրած երեխաներին հարազատի նման չեն մոտենում, բայց այն պահից, ինչ նրանց հայտնի էր, որ ես գայլի եմ վերածվում, նրանք հենց որպես գայլի էլ ինձ վերաբերում էին: Հիշում եմ՝ փոքր ժամանակ ինչ անտանելի վիրավորական էր պատահաբար լսել տանեցիների խոսակցությունը, որ տանը գայլ պահելը վտանգավոր է կյանքի համար: Դրանից հետո մի քանի օր ոչ մեկի հետ տանը չէի խոսում: Մի ուրիշ անգամ մայրիկն ասաց, որ գայլը, ինչքան էլ որ իրեն մարդավարի պահի, մարդկանց հետ չպետք է սեղան նստի, դրանից հետո ես ու Ջոնին ճաշում էինք ննջարանում՝ գրասեղանի մոտ: Դպրոց ընդհանրապես չէի գնում ու բակում էլ ինձ բոլորը տարօրինակ էին համարում, խուսափում:
-         Քեզ անգամ գայլերի ոհմակում չեն ընդունի, բարեկամս, - մի օր թևն ուսիս գցելով ասաց Ջոնին:
Նրանից չէի նեղանում, փոքր ժամանակ հենց նա էր, որ կտրուկ արգելակեց մեքենան` խրվելով ձյան մեջ, ինձ արագ գցեց ներս ու մի կերպ մեքենան պոկելով ձյունից, փախցրեց ոհմակից: Այդ ժամանակ ես ժայռից էի գլորվել, ադրենալինի ժայթքումն ինձ ոհմակից մի որոշ տարածություն փախչելու ուժ այնուամենայնիվ տվել էր, բայց ես արդեն ուժասպառ ու մահամերձ էի:
Լիալուսնի ժամանակ ես էլի գայլ դարձա ու օրեր անց ի վերջո համաձայնեցի գնալ այդ անիծյալ սեանսին: Հոգեվերլուծողը սարսափած ինձ նայեց, երբ Ջոնիի հետ ներս մտանք: Արտաքինով չէի փայլում, բայց չէի էլ սպասում նման ռեակցիա: Ջոնին ասաց, որ ասածներս բժշկին կթարգմանի, ինչպես տանեցիների համար էր թարգմանում՝ նրանց լեզվով ես այդպես էլ խոսել չսովորեցի:
Սենասից հետո ես հաշտվեցի իմ էության հետ: Սկզբում դժվար էր հավատալ, որ ես ոչ թե գայլ դառնում եմ, այլ գայլ եմ որ կամ, որն իրեն մարդ է համարում, քանի որ փոքր ժամանակ… Լիալուսինն ուղղակի սրում էր իմ բնազդները: Հաջորդ լիալուսնին առաջին անգամ կյանքում դուրս կգամ պատշգամբ ու առանց իմ էությունից ամաչելու ի վերջո լիաթոք կկանչեմ՝

-         Ուուո՜ւ: