Monday, July 6, 2026

Դատավորները

 


Ջրհոր գլորվող դույլի ձայնին էր նման, ուղղակի ավելի ուժեղ, մետաղական ու չարագույժ։ Սկզբում ձայնը գալիս էր ինչ-որ տեղ երկնքից, իսկ հետո կայծակն էր։ Ու յուրաքայչյուր իրավախախտ սպանվում էր։ Նշնակություն չուներ՝ մանր գրպանահատություն է, թե սպանություն՝ պատիժը դաժան էր ու անխուսափելի։

Դատավորները եկել էին լուսադեմին երկնքում երևացող աստղից, որ չէր առկայծում, ու սահմանել իրավակարգ։ Բոլորի համար անխտիր։ Արդեն հազար տարի մլորակում գործում էր իրավակարգը։ Ամենուր, որտեղ բնակիչներ կային, կարելի էր հանդիպել դատավորների բարձր ու մռայլ արձաններին։ Ժամանակին նրանք մարդկանց մեջ են ապրել, հետևել նրանց կյանքին ու արարքներին։ Հետո նրանք դադարեցին գալ, բայց արձաններն անվրեպ հետևում էին, որ իրավակարգը գործի։ Ու հազար տարի անց մոլորակում արդեն գրեթե չկային հանցագործներ։

Գողություններն առաջինը դադարեցին, բայց անգամ հազար տարի անց հայտնվում էր մեկը, ով կատաղում ու հարձակվում էր դիմացինի վրա՝ հետո դառնալով ծխացող մոխրակույտ։ Բայց նման դեպքերի միջև տասնամյակներ էին անցնում։

Այս աշխարհում էր ծնվել Աուկան։

-        Մի օր քեզ դատավորները կմոխրացնեն, - հոգոց էր հանում հարևանուհին՝ տղայի հերթական չարաճճիությանը նայելով, - ասես մեր աշխարհից չլինես, այ փորձանք։

Երբ տղան հասներ գործունակության տարիքի, իր արաքների թերևս կեսի համար կարժանանար մահապատժի, բայց քանի փոքր էր, վայելում էր մանկությունն ու ընտանիքը հուսահատ փորձում էր նրա կյանքում իրավակարգ ներդնել։

Դատավորների արձանների մոտ դպրոցներն էին։ Մռայլ տաճարներ, ուր մանկուց երեխաներին իրավակարգ էին սովորեցնում։ Աուկան հաճախ էր դասեր բաց թողնում, ուսուցիչները գիտեին, որ իրենց տասնամյակում եթե լինի մեկը, ով կպատժվի, դա Աուկան է։

Տղայի հոբբիները նույնպես վախեցնում էի մեծերին։ Նա խախտում էր անգամ գիտության տաբուն՝ դեռ մանկուց քարեր, ապարներ, տարբեր հանքանյութեր էր փորում, հանում, մետաղների համաձուլվածքներ փորձարկում, անում ամենն, ինչ դատավորներն արգելել էին։ Իրավակարգի նորմերով հստակ սահմանված էր գործիքների շրջանակը, որ իրենց թույլատրվում է օգտագործել, իսկ տղան դրել, հոր գութանն էր քանդել, կատարելագործում։ Մինչև որ մի օր պապիկն ափերից դուրս եկավ։ Բռնեց տղայի ձեռքն ու նրան տարավ սարեր։

Աուկան մտածում էր, որ պապիկն իրեն կթողի սարերում ու կվերադառնա։ Վախի փոխարեն խանդավառություն էր զգում, որ կազատվի տաղտուկ դպրոցից ու քննադատությունների տարափից, որ միշտ անձրևում էր գլխին, երբ ինքը հերթական անմեղ նախաձեռնությանն էր զարկ տալիս։

Պապիկին հարցեր չէր տալիս։ Ծերուկը ևս լուռ էր։ Միասին քայլեցին, մագլցեցին ժայռերով ու ծերուկը տղային ժայռի միջև բացված խոռոչն ուղեկցեց։ Պապիկին Աուկան սիրում ու վստահում էր, առանց հարցեր տալու լուռ գնաց նրա հետևից։

Սրվակներ, ինչ-որ խորհրդավոր թարթող լույսեր, կրակ, ձուլարաններ, ինքնաշարժ մեքենաներ, հաստոցներ․․․ մի ամբողջ քաղաքակրթություն էր սպասում Աուկային ժայռի ներսում։ Շունչը հուզմունից կտրվում էր։

-        Ո՞նց ձեզ չեն շանթել, պապի։

-        Քարանձավները դատավորները չեն տեսնում։

Ու հետո Աուկայի կուռքը իր հեռավոր նախապապն էր։ Ոչինչ, որ նա հենց նույն քարանձավում մարդ էր սպանել, կարևորը՝ դրանից հետո քարանձավում զուգահեռ իրականություն էր ի հայտ եկել։ Մարդիկ դեմ չէին իրավակարգին, անգամ հաճելի էր առանց սրիկայությունների աշխարհում ապրելը, աշխարհը, ուր բոլորը բոլորին թշնամի էին, մնացել էր պատմության էջերում, բայց կային մարդիկ, ովքեր չէին կարող ապրել առանց արարելու։ Իսկ այստեղ՝ քարանձավում նրանք կարող էին ստեղծել նորը։ Ու ստեղծում էին։

Վերջում պապը ցույց տվեց տղային տիեզերանավը։

Այն ժամանակին վթարվել էր և դատավորները նետել էին քաղաքակրթությունից հեռու մի տեղ։ Իսկ մարդիկ նավը գտել էին։ Վերանորոգել։

-        Պապ, մենք սրանով կարող ենք գնալ, տեսնել դատավորներին, - մի քանի տարի անց ասաց Աուկան։

-        Չենք կարող։

-        Ինչո՞ւ։

-        Նավը իոնային շարժիչով է աշխատում։ Տիեզերքում մենք կարող ենք բացել արևային առագաստներն ու անընդհատ գնալ, բայց շարժիչի ուժը բավական չի, որ հաղթահարենք մոլորակի ձգողականությունը։

Աուկան դրանից հետո էր, որ սկսեց հրթիռային շարժիչ կառուցել։

Պապիկի մահից հետո մի տարի նա ոչինչ չարեց։ Հետո Միկկատն ու Լյումը նրան այդ վիճակից դուրս բերեցին։ Իրենց կատակով քարանձավային եղբայրություն էին կոչում։ Ու այդպես, եղբայրներով օրուգիշեր աշխատում էին, փորձարկումներ անում՝ աշխարհից ու դատավորներից հեռու։ Ամեն վայրկյան մահացու վտանգի ներքո։

Այդ գիշեր մոլորակում հռնդյուն լսեցին։

Հետո տեսան գիշերով երկինք սլացող կարմիր շիթը։ Դատավորների արձանները լուռ էին։ Վայրէջքը ցնցումներով էր, բավականին դժվար։ Բայց այդ առավոտ նրանք ոտք դրեցին դատավորների մոլորակի վրա։ Սպասում էին շանթերի։ Բայց ոչինչ տեղի չունեցավ։ Հորիզոնում երևում էր քաղաքը, բայց արձաններ չկային։ Տրանսպորտ չկար, չէին մտածել դրա անհրաժեշտության մասին, բայց Աուկան սկաֆանդրեր, ամեն դեպքում, պատրաստել էր։ Ապակե խոցելի թաղանթով անծանոթ մոլորակի իրականությունից բաժանված՝ նրանք քայլում էին դեպի քաղաք։ Դեռ քաղաք չհասած՝ նրանք արդեն գիտեին, որ ավերակներ են իրենց դիմավորելու։

Պատերազմ։ Այս բառն իրենց անհայտ էր։

-        Նրանք կռվել են իրար դեմ ու բոլորը բոլորին սպանել, - ասաց Լյումը։

Միկկատն ու Աուկան լուռ գլխով արեցին։

-        Զավեշտ, քաղաքակրթությունը, որ փրկել է մեզ կործանումից, ինքն իրեն կործանել է՝ խախտելով իրավակարգը, - ասաց Միկկատը։

-        Իսկ ի՞նչ, եթե նրանք տեսնում էին, թե ուր է տանում գիտատեխնիկական առաջընթացը ու մեզ փրկեցին նման ճակատագրից, - մտահոգ ասաց Աուկան։

Իրենց գտած տեխնիկան գրեթե սարքին էր, անգամ հազար տարի անց։ Նրանք կարողացան շրջել ողջ մոլորակով, նրանք տեսան քաղաքակրթության մնացորդները ու նաև դատավորների կառավարման համակարգին ծանոթացան։ Հարազատ մոլորակում այդ ամենն իրենց կարող էր Աստվածների վերածել։

-        Պետք է վերադառնանք ու քանդենք բոլոր արձանները, - ասաց Լյումը։

Աուկան մտահոգ կանգնած էր, ինչ-որ բան էր ներսում խմորվում, հիմնավոր ու իռացիոնալ վախերի ալիքը ներսում իրարամերժ մտքերի տարափ էր դարձել։

Միկկատը Լյումի հետ համամիտ էր։ Նրանք ուզում էին վերադառնալուն պես արձանները քանդել։ Աուկայի հորդորները նրանք չլսեցին։ Արցունքներից խեղդվելով տղան հողին հանձնեց ընկերներին մարմինները ու մենակ վերադարձավ տուն։

Տանը պատմեց, որ եղել են դատավորների մոտ, որ խախտել են իրավակարգը։

-        Տղաներին նրանք պատժեցին, իսկ ինձ ուղարկեցին հայտնելու, որ իրենք հետևում են ու դեռ հետևելու են մեզ, հավերժ, - հայտարարեց Աուկան իր երկար ճառի վերջում։

Դատավորների արձանները ավելի սարսափելի ու հուժկու թվացին մարդկանց։

Քարանձավում Աուկան ուրիշ բան պատմեց։ Նա համարձակություն չունեցավ խոստովանել, որ ընկերներին ինքն է սպանել։ Նա գիտեր, որ գիտատեխնիկական զարգացումը վաղ թե ուշ կմաքրի Դատավորների հանդեպ ակնածանքի վերջին հյուլեները, վաղ թե ուշ մարդիկ ամեն բան կհասկանան, իսկ հիմա քարանձավի մարդանց առաջադրանքն էր գտնել ելքը՝ ինչ անել, որ երբ քաղաքակրթությունը հասնի այդ մակարդակին, ոչ թե ինքն իրեն կործանի, այլ արդեն գիտակցաբար մարդիկ պահեն իրավակարգը, ոչ թե պատժի սարսափով կաշկանդված։ Ու ելք Աուկան չէր գտնում։

 

Monday, May 25, 2020

Կործանված քաղաքակրթությունը

Աստղադիտակն առել, բարձրացել էր տանիք ու չորս աչքերն էլ լա՜յն բացած նայում էր աստղերին:
Մաքրեց օբյեկտիվը, նորից նայեց, ապա օդում անկանոն թափահարելով բոլոր տասներկու շոշափուկները՝ աստիճաններով հապճեպ վար սողաց տանիքից:
- Տատի՜կ, մեր մոլորակի վրա այլմոլորակայիններ են գալիս, մե՜ծ-մեծ նավերով:
Խոշոր աստղադիտարանները միայն հաջորդ օրը գրանցեցին երկու վիթխարի օբյեկտները:
- Դրանք արհեստական ծագում ունեն ու շարժվում են մեզ վրա, - մտախոհ ասաց Արբանյակային աստղադիտարանների միության նախագահը:
Դեռ տարի էլ չէր անցել, երբ սիրողական աստղադիտակներով արդեն հազարավոր արեցիներ տեսել էին աստղանավերն ու աղմուկ բարձրացրել: Այդ օրերին բոլորը խոսում էին թշնամի այլմոլորակայինների մասին, աշխարհի վերջի անխուսափելիության ու մահվան մասին: Դեռ երբեք Արե մոլորակը նման ճգնաժամ չէր տեսել՝ աշխարհի մոտալուտ վախճանը համնդհանուր խուճապի էր մատնել արեցիներին: Սուիցիդալ համաճարակից հետո սկսվեց շառլատանների մեծ դրամահավաքը՝ այլմոլորակայիններից Արեն պաշտպանելու համար: Արդյունքում հաջորդ քայլով մոլորակի գլխին կոտրվեց տնտեսական ճգնաժամը: Ավելի ուշ սկսեց գործել սեկտան՝ ոմանք հավատում էին, որ այլմոլորակայինները գալիս են՝ փրկելու իրենց տոտոալ քաոսից: Սեկտան պայթեցրեց այլմոլորակայիններից պաշտպանվելու համար կառուցած հրթիռները: Հետո արդեն պատերազմն էր:
Նավերն առաջինը նկատած պատանին արդեն ծեր էր, կիսավեր տան տանիքին նստած՝ նա տեսավ, թե ինչպես նավերը հասան իրենց արեգակնային համակարգ, շրջանցեցին այն ու շարունակեցին իրենց ճամփորդությունը չգիտես թե ուր՝ այդպես էլ երբեք չիմանալով իրենց պատճառով կործանված քաղաքակրթության մասին:

Sunday, March 17, 2019

Անիծված աղջիկը


Շատ ժամանակներ են անցել, նախկինում այստեղ գյուղի տեղում մի ուրիշ՝ ավելի փոքր գյուղակ կար: Գյուղացիները լավ ձկնորսներ էին ու հովիվներ էլ կային, որ հեռու սարերում արածեցնում էին հոտը` չվախենալով վայրի գազաններից: Բայց քաջքերի մասին հեքիաթները սնահավատ սարսուռով էին ալիքվում հովիվների սրտերում, անբացատրելի, ամենակուլ վախով, որ նրանք հմտորեն թաքցնում էին կատակասեր ձկնորսներից: Գյուղում ծերերը պատմում էին, որ հարյուր տարին լրանալու պահին զարթնում է մի սատանա ու լափում ոչխարներին, երբ բոլոր կենդանիները կերակուր են դառնում, սկսում է մարդկանց ուտել, մինչև որ չի հոգնում արյունոտ խրախճանքից ու նորից քնում մինչև հաջորդ հարյուրամյակ: Այդ օրերին, երբ տեղի ունեցան չարաբաստիկ դեպքերը, դարն արդեն ավարտվում էր ու նոր դար էր սկսվում: Երկու դարերի հանդիպման պահին սարերում շատ կենդանիներ կորան: Վախեցած հովիվները պատմում էին, որ տեսել են, թե ինչպես է դևը կենդանիներին հոշոտում, բայց գյուղում քչերն էին նրանց հավատում:
Մի պառավ կար գյուղում, որ գիտեր հին պատմություններն ու հմայախոսությունները: Կանչեց նա իր մոտ հովիվներին ու ասեղ տվեց նրանց.
-          Արյան գույնի թելով եմ այն թելել, - ասաց նրանց պառավը, - սա սատանի գլուխը խրեք ու կմեռնի չարքը: Մեր նախնիներն այդպես էլ վարվել են, բայց մի խաբված ջահել հանել է ասեղն ու չարքին ազատություն տվել: Չխաբվեք զավակներս, սպանեք նրա միջի չարությունն, ու նա մեզ նման մարդ կդառնա: Բոլոր քաջքերն էլ մի ժամանակ մարդիկ են եղել, բայց չարացել են աշխարհի վրա, ատել մարդկանց ու այդ չարությունից ու ատելությունից այլանդակվել, դևեր են դարձել: Իմացեք, որ մարդկայնությունը հեշտ չի մեռնում, խրեք ասեղը գլուխն ու ինքներդ կտեսնեք:
-          Իսկ եթե ասեղը հանի՞, - վախվորած հարցրեց հովիվներից մեկը:
-           Ո՛չ ինքը, ո՛չ իր ընկեր քաջքերը չեն կարող ասեղը հանել, միայն մարդիկ են կարող, դրա համար էլ հիշեք, ինչքան էլ խնդրի, աղաչի, հեկեկա, չհանեք ասեղը:
Վերցրեցին հովիվները հմայված ասեղն ու գնացին սարերը` չարքին բռնելու: Խորհրդավոր էակն արդեն հասցրել էր հոտը կոտորել, և այդ պահին յուրաքանչյուրը կուչ եկած սպասում էր, որ հատկապես իրեն է այդ գիշեր քաջքը կուլ տալու: Անքուն տղաներն աղմուկ լսեցին ու վախեցած ավելի մոտեցան իրար:
-          Տվեք ասեղը, - ի վերջո քաջություն հավաքեց տղաներից մեկը, վերցրեց ասեղը, դուրս եկավ հովվական քոլիկից ու դեմառդեմ հանդիպեց քաջքին:
Զարմացավ քաջքը, որ մարդիկ չեն վախենում իր դեմ ելնել, ընկրկեց: Դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ տղան անվախ առաջացավ ու ասեղը նրա գլուխը խրեց` մտքում աղոթելով, որ պառավը ճիշտ ասած լիներ: Բոլորի աչքի առաջ սատանան կուչ եկավ, թպրտաց ու մի չքնաղ աղջկա վերածվեց: Կամաց-կամաց հովիվները իրենց անապահով թաքստոցից դուրս գալու համարձակություն հավաքեցին ու մոտեցան կուչ եկած աղջկան:
-          Թույլ է ձևանում, հրեշը, գեղեցիկ է ձևանում, - կմկմաց մեկը:
-          Ուզում է սրտներս շահի, որ դեն նետենք ասեղը, - ասաց մի ուրիշ թերահավատ հովիվ ու մտրակեց չարքին:
Անպաշտպան աղջկա վերածված չարքը վեր թռավ ու փորձեց փախչել: Շրջապատեցին նրան ու աղջիկը սկսեց վախեցած դեսուդեն նետվել: Նրա անհանգիստ, հուսահատ վազքն, անհեթեթ շարժումներն, ասես, հեթանոս պար լինեին: Ծիծաղ որտոտաց:
-           Պարի՛ր, սատանա՛, տեսնենք լավ են քաջքերը պարում, - ասաց մեկ ուրիշը՝ նույնպես մտրակելով աղջկան:
Մարդիկ շրջան կազմեցին ու սկսեցին մտրակել չարքին: Աղջիկն, անհույս փախչելու ուղիներ որոնելով ու տեսնելով, որ չի կարող շրջանից դուրս պրծնել, սկսեց խելագար պտույտներ կատարել:
-          Վերջ տվեք, - սաստեց հովիվներին առաջինը քաջքի դեմ դուրս եկած երիտասրդը, ամուր բռնեց վախեցած աղջկա ձեռքից ու նրան պառավի մոտ տարավ: Պատմեց ծեր կնոջը կատարվածն ու հարցեց.
-          Հիմա ի՞նչ անենք սրա հետ:
Պառավը կարեկցանքով նայեց վախվորած աղջկան, շոյեց նրա փափուկ վարսերն ու ապաստան տվեց նրան:
-          Սխալ ես գործում, տատի՛կ, քաջքը մարդկային կերպարով էլ չար է մնում, - այդ օրն ավելի ուշ ասաց երիտասարդը, բայց պառավը նրան չլսեց:
Խաղաղ ու համերաշխ ապրում էին բարի պառավն ու նրա որդեգրած դուստրը: Տարիներն անփոփոխ երթով առաջ էին գնում ու չարության նշույլ անգամ չկար աղջկա ջինջ աչքերում: Բայց ամեն անգամ պառավը տեսնում էր, թե ինչպես է նա փորձում ասեղը դուրս հանել գլխից, իսկ գիշերները ցավից ու անզորությունից հեկեկում: Կրկին ու կրկին խնդրում էր աղջիկը պառավին դուրս հանել ասեղը, որ այնքան ցավեցնում էր իրեն, ստրկացնում ու նվաստացնում: Ու պառավը սկսեց մտածել, որ երջանիկ կյանքի երկար տարիները քնեցրել են այն ցավը, ինչն աղջկան քաջքի էր վերածել, իսկ ինքն արդեն ծեր է, կմեռնի, իսկ աղջիկը ողջ կյանքում ցավի մեջ կապրի: Մտմտաց տատիկը, տատանվեց, մի օր էլ չդիմացավ ու դուրս քաշեց ասեցը: Ակնթարթներ անց աղջիկը քաջքի վերածվեց, խեղդեց պառավին ու նրա միակ կովին հեծած դեպ ազատություն սլացավ:
                Անհանգիստ երազում գունատվեց քաջքին հաղթած երիտասարդը, արթնացավ վատ կանխազգացմամբ ու ակամա պառավի տուն վազեց: Այնտեղ մեռած պառավի ձեռքում փայլում էր կարմիր թելով թելված ու քաջքի արյունից կարմրած ասեղը: Նա վերցրեց ասեղն ու քաջքի հետքերով սլացավ: Ազատ լճափին վիթխարի, կարմիր լիալուսնի ֆոնին սլանում էր կովին հեծած քաջքը: Քամու պես արագ էր սլանում հալածվող կենդանին, բայց վրդովված երիտասարդը քամուց էլ արագ սուրաց, հասավ չարքին ու գետին տապալեց նրան: Չարքը կեռ ճանկերով դուրս քաշեց հակառակորդի սիրտը, բայց մահամերձ նա կարողացավ ասեղը կրկին դևի գլուխը խրել: Քաջքի ներսում սառած խիղճը թպրտաց ու նրան մարդու վերածեց: Քաջքը սպանել էր այն մարդկանց, որ բարի են եղել իր հանդեպ: Ամբողջ կյանքում չար ամբոխից հալածված՝ վերջապես, բարի մարդկանց էր նա հանդիպել ու կործանել: Աղջկը հասկացավ` ինչ է արել ու ամոթից քարի մեջ թաքնվեց: Այլևս չէր ցանկանում մարդկանց աչքին երևալ: Բայց գիշերը, երբ մարդիկ քնած էին, նա հիշում էր իր կյանքի ամենասարսափելի պահը, մտրակի հարվածները, ճիչերը և քարից դուրս սահելով պարում: Այդպես է նա ինքն իրեն պատժում, այդպես նա դարեր կպարի, մինչև չգա մեկը, ով չի վախենա ասեղը հանել ու կազատի նրան՝ վերջնականապես նրան մարդու վերածելով: