Wednesday, July 11, 2018

Իմ Պենելոպեն


Առաջ մեր երկուսից երեխան նա էր, հիմա սկսել էր ինձ դաստիարակել: Ամենաշատը կատաղում էր, երբ անցյալից էի կառչում: Հին աշխարհների պատմություններն ու դիցաբանությունները, որ իմ տարերքն էին, նրա պրակտիկ մտածելակերպում ժամանակի անխելամիտ վատնում էին: Ստիպում էր ինձ մի կողմ թողել «հեքիաթ-մեքիաթներն» ու ճշգրիտ գիտություններով զբաղվել:
- Գիտությունն առաջ է գնացել, շատ առաջ, ընդամենը տաս րոպե ու ամեն կապիկ կդառնա Հեղինե, - հեգնում էր ինձ Ավագը:
- Իսկ հեղինեները ինձ չեն հետաքրքրում, ես Պենելեպե եմ փնտրում, - ժպտում էի ես:
- Ոդիսևսիս տեսեք, խելքի արի, հեքիաթների համար արդեն շատ մեծ ես, - չէր նահանջում եղբայրս:
Երբ հայրիկից մի քանի տարի ոչ մի լուր չստացանք, մայրիկը թողեց մեզ: Այդ ժամանակ ես զգացի, իսկ ավելի ուշ նաև գիտակցեցի, որ ինձ համար իդեալական կինն ընտանիքին հավատարիմ կինն է: Ես երազում էի ունենալ ընտանիք ու երազում էի տիեզերական հայտնագործությունների մասին: Այդ երկու երազանքն ինձ անհամատեղելի էին թվում, մինչև որ ես չգտա իմ Պենելոպեին: Սիրում էինք իրար, սիրում ամբողջ կյանք իրար կողք ապրած ու ամեն ինչ իրար ներած ծերուկների պես, բայց առաջին սիրո կրքով ու մոլեռանդությամբ: Անգամ Ավագն էր համաձայն, որ նա ինձ կսպասի: Նա կսպասի, ինչ գրողի տարած գալակտիկա էլ ինձ նետի տիեզերական Պոսեյդոնը:
Մեկնելիս վստահ էի, որ մեկ տարի անց տանը կլինեմ, բայց երևի Ավագը ճիշտ էր, իմ հիմար երազանքներում ես նախասահմանեցի գալիքս: Տիեզերանավի անսարքությունն ու իմ անփությունը մեզ հեռու նետեցին, շատ հեռու:
Այն ժամանակներում ես միայն լսել էի տիեզերական Բերմուդների մասին, բայց չգիտեի, որ ինձ էլ կկլանի անհայտը:
Կոզմնորոշիչ սարքերի կեսը չէր աշխատում, ես գաղափար անգամ չունեի ուր ենք, անձնակազմմն ապստամբել էր, մի քանիսին կապած էինք պահում, քանի որ ամեն վայրկյան կարող էին տիրեզերանավից մնացածն էլ ջարդուփշուր անել: Վերադառնալը թվում էր երազանք: Մտովի ես աղերսում էի Պենելոպեին սպասել ու ամեն ինչ անում էի, որ տուն հասնեմ:
- Միայն թե սպասիր ինձ, սիրելիս, - ամեն գիշեր գլուխս բարձին արցունքոտ աչքերով դիմում էի նրան՝ չիմանալով անգամ որ ուղղությամբ աղերսս հղել:
Չսպասեց: Ես նրանից մի տարի էի խնդրել: Մի տարի նա սպասեց, հետո սպասեց ևս մի քանի ամիս, իսկ հետո արդեն էլ չհամբերեց, որոնող արշավախումբ հավաքեց, եկավ, գտավ ինձ ու տուն վերադարձրեց:
Ու ոչ մի տիեզերական Պոսեյդոն չէր համարձակվի կանգնել նրա ճանապարհին: