Ջրհոր գլորվող դույլի ձայնին
էր նման, ուղղակի ավելի ուժեղ, մետաղական ու չարագույժ։ Սկզբում ձայնը գալիս էր ինչ-որ
տեղ երկնքից, իսկ հետո կայծակն էր։ Ու յուրաքայչյուր իրավախախտ սպանվում էր։ Նշնակություն
չուներ՝ մանր գրպանահատություն է, թե սպանություն՝ պատիժը դաժան էր ու անխուսափելի։
Դատավորները եկել էին լուսադեմին
երկնքում երևացող աստղից, որ չէր առկայծում, ու սահմանել իրավակարգ։ Բոլորի համար անխտիր։
Արդեն հազար տարի մլորակում գործում էր իրավակարգը։ Ամենուր, որտեղ բնակիչներ կային,
կարելի էր հանդիպել դատավորների բարձր ու մռայլ արձաններին։ Ժամանակին նրանք մարդկանց
մեջ են ապրել, հետևել նրանց կյանքին ու արարքներին։ Հետո նրանք դադարեցին գալ, բայց
արձաններն անվրեպ հետևում էին, որ իրավակարգը գործի։ Ու հազար տարի անց մոլորակում
արդեն գրեթե չկային հանցագործներ։
Գողություններն առաջինը
դադարեցին, բայց անգամ հազար տարի անց հայտնվում էր մեկը, ով կատաղում ու հարձակվում
էր դիմացինի վրա՝ հետո դառնալով ծխացող մոխրակույտ։ Բայց նման դեպքերի միջև տասնամյակներ
էին անցնում։
Այս աշխարհում էր ծնվել
Աուկան։
-
Մի օր քեզ դատավորները կմոխրացնեն, - հոգոց էր հանում հարևանուհին՝
տղայի հերթական չարաճճիությանը նայելով, - ասես մեր աշխարհից չլինես, այ փորձանք։
Երբ տղան հասներ գործունակության
տարիքի, իր արաքների թերևս կեսի համար կարժանանար մահապատժի, բայց քանի փոքր էր, վայելում
էր մանկությունն ու ընտանիքը հուսահատ փորձում էր նրա կյանքում իրավակարգ ներդնել։
Դատավորների արձանների մոտ
դպրոցներն էին։ Մռայլ տաճարներ, ուր մանկուց երեխաներին իրավակարգ էին սովորեցնում։
Աուկան հաճախ էր դասեր բաց թողնում, ուսուցիչները գիտեին, որ իրենց տասնամյակում եթե
լինի մեկը, ով կպատժվի, դա Աուկան է։
Տղայի հոբբիները նույնպես
վախեցնում էի մեծերին։ Նա խախտում էր անգամ գիտության տաբուն՝ դեռ մանկուց քարեր, ապարներ,
տարբեր հանքանյութեր էր փորում, հանում, մետաղների համաձուլվածքներ փորձարկում, անում
ամենն, ինչ դատավորներն արգելել էին։ Իրավակարգի նորմերով հստակ սահմանված էր գործիքների
շրջանակը, որ իրենց թույլատրվում է օգտագործել, իսկ տղան դրել, հոր գութանն էր քանդել,
կատարելագործում։ Մինչև որ մի օր պապիկն ափերից դուրս եկավ։ Բռնեց տղայի ձեռքն ու նրան
տարավ սարեր։
Աուկան մտածում էր, որ պապիկն
իրեն կթողի սարերում ու կվերադառնա։ Վախի փոխարեն խանդավառություն էր զգում, որ կազատվի
տաղտուկ դպրոցից ու քննադատությունների տարափից, որ միշտ անձրևում էր գլխին, երբ ինքը
հերթական անմեղ նախաձեռնությանն էր զարկ տալիս։
Պապիկին հարցեր չէր տալիս։
Ծերուկը ևս լուռ էր։ Միասին քայլեցին, մագլցեցին ժայռերով ու ծերուկը տղային ժայռի
միջև բացված խոռոչն ուղեկցեց։ Պապիկին Աուկան սիրում ու վստահում էր, առանց հարցեր
տալու լուռ գնաց նրա հետևից։
Սրվակներ, ինչ-որ խորհրդավոր
թարթող լույսեր, կրակ, ձուլարաններ, ինքնաշարժ մեքենաներ, հաստոցներ․․․ մի ամբողջ քաղաքակրթություն
էր սպասում Աուկային ժայռի ներսում։ Շունչը հուզմունից կտրվում էր։
-
Ո՞նց ձեզ չեն շանթել, պապի։
-
Քարանձավները դատավորները չեն տեսնում։
Ու հետո Աուկայի կուռքը իր հեռավոր նախապապն
էր։ Ոչինչ, որ նա հենց նույն քարանձավում մարդ էր սպանել, կարևորը՝ դրանից հետո քարանձավում
զուգահեռ իրականություն էր ի հայտ եկել։ Մարդիկ դեմ չէին իրավակարգին, անգամ հաճելի
էր առանց սրիկայությունների աշխարհում ապրելը, աշխարհը, ուր բոլորը բոլորին թշնամի
էին, մնացել էր պատմության էջերում, բայց կային մարդիկ, ովքեր չէին կարող ապրել առանց
արարելու։ Իսկ այստեղ՝ քարանձավում նրանք կարող էին ստեղծել նորը։ Ու ստեղծում էին։
Վերջում պապը ցույց տվեց տղային տիեզերանավը։
Այն ժամանակին վթարվել էր և դատավորները նետել
էին քաղաքակրթությունից հեռու մի տեղ։ Իսկ մարդիկ նավը գտել էին։ Վերանորոգել։
-
Պապ, մենք սրանով կարող ենք գնալ, տեսնել դատավորներին, - մի
քանի տարի անց ասաց Աուկան։
-
Չենք կարող։
-
Ինչո՞ւ։
-
Նավը իոնային շարժիչով է աշխատում։ Տիեզերքում մենք կարող ենք
բացել արևային առագաստներն ու անընդհատ գնալ, բայց շարժիչի ուժը բավական չի, որ հաղթահարենք
մոլորակի ձգողականությունը։
Աուկան դրանից հետո էր,
որ սկսեց հրթիռային շարժիչ կառուցել։
Պապիկի մահից հետո մի տարի
նա ոչինչ չարեց։ Հետո Միկկատն ու Լյումը նրան այդ վիճակից դուրս բերեցին։ Իրենց կատակով
քարանձավային եղբայրություն էին կոչում։ Ու այդպես, եղբայրներով օրուգիշեր աշխատում
էին, փորձարկումներ անում՝ աշխարհից ու դատավորներից հեռու։ Ամեն վայրկյան մահացու
վտանգի ներքո։
Այդ գիշեր մոլորակում հռնդյուն
լսեցին։
Հետո տեսան գիշերով երկինք
սլացող կարմիր շիթը։ Դատավորների արձանները լուռ էին։ Վայրէջքը ցնցումներով էր, բավականին
դժվար։ Բայց այդ առավոտ նրանք ոտք դրեցին դատավորների մոլորակի վրա։ Սպասում էին շանթերի։
Բայց ոչինչ տեղի չունեցավ։ Հորիզոնում երևում էր քաղաքը, բայց արձաններ չկային։ Տրանսպորտ
չկար, չէին մտածել դրա անհրաժեշտության մասին, բայց Աուկան սկաֆանդրեր, ամեն դեպքում,
պատրաստել էր։ Ապակե խոցելի թաղանթով անծանոթ մոլորակի իրականությունից բաժանված՝ նրանք
քայլում էին դեպի քաղաք։ Դեռ քաղաք չհասած՝ նրանք արդեն գիտեին, որ ավերակներ են իրենց
դիմավորելու։
Պատերազմ։ Այս բառն իրենց անհայտ էր։
-
Նրանք կռվել են իրար դեմ ու բոլորը բոլորին սպանել, - ասաց Լյումը։
Միկկատն ու Աուկան լուռ
գլխով արեցին։
-
Զավեշտ, քաղաքակրթությունը, որ փրկել է մեզ կործանումից, ինքն
իրեն կործանել է՝ խախտելով իրավակարգը, - ասաց Միկկատը։
-
Իսկ ի՞նչ, եթե նրանք տեսնում էին, թե ուր է տանում գիտատեխնիկական
առաջընթացը ու մեզ փրկեցին նման ճակատագրից, - մտահոգ ասաց Աուկան։
Իրենց գտած տեխնիկան գրեթե
սարքին էր, անգամ հազար տարի անց։ Նրանք կարողացան շրջել ողջ մոլորակով, նրանք տեսան
քաղաքակրթության մնացորդները ու նաև դատավորների կառավարման համակարգին ծանոթացան։
Հարազատ մոլորակում այդ ամենն իրենց կարող էր Աստվածների վերածել։
-
Պետք է վերադառնանք ու քանդենք բոլոր արձանները, - ասաց Լյումը։
Աուկան մտահոգ կանգնած էր, ինչ-որ բան էր ներսում խմորվում, հիմնավոր ու իռացիոնալ
վախերի ալիքը ներսում իրարամերժ մտքերի տարափ էր դարձել։
Միկկատը Լյումի հետ համամիտ
էր։ Նրանք ուզում էին վերադառնալուն պես արձանները քանդել։ Աուկայի հորդորները նրանք
չլսեցին։ Արցունքներից խեղդվելով տղան հողին հանձնեց ընկերներին մարմինները ու մենակ
վերադարձավ տուն։
Տանը պատմեց, որ եղել են դատավորների մոտ, որ խախտել են իրավակարգը։
-
Տղաներին նրանք պատժեցին, իսկ ինձ ուղարկեցին հայտնելու, որ
իրենք հետևում են ու դեռ հետևելու են մեզ, հավերժ, - հայտարարեց Աուկան իր երկար ճառի
վերջում։
Դատավորների արձանները ավելի
սարսափելի ու հուժկու թվացին մարդկանց։
Քարանձավում Աուկան ուրիշ
բան պատմեց։ Նա համարձակություն չունեցավ խոստովանել, որ ընկերներին ինքն է սպանել։
Նա գիտեր, որ գիտատեխնիկական զարգացումը վաղ թե ուշ կմաքրի Դատավորների հանդեպ ակնածանքի
վերջին հյուլեները, վաղ թե ուշ մարդիկ ամեն բան կհասկանան, իսկ հիմա քարանձավի մարդանց
առաջադրանքն էր գտնել ելքը՝ ինչ անել, որ երբ քաղաքակրթությունը հասնի այդ մակարդակին,
ոչ թե ինքն իրեն կործանի, այլ արդեն գիտակցաբար մարդիկ պահեն իրավակարգը, ոչ թե պատժի
սարսափով կաշկանդված։ Ու ելք Աուկան չէր գտնում։
No comments:
Post a Comment