Monday, May 25, 2020

Կործանված քաղաքակրթությունը

Աստղադիտակն առել, բարձրացել էր տանիք ու չորս աչքերն էլ լա՜յն բացած նայում էր աստղերին:
Մաքրեց օբյեկտիվը, նորից նայեց, ապա օդում անկանոն թափահարելով բոլոր տասներկու շոշափուկները՝ աստիճաններով հապճեպ վար սողաց տանիքից:
- Տատի՜կ, մեր մոլորակի վրա այլմոլորակայիններ են գալիս, մե՜ծ-մեծ նավերով:
Խոշոր աստղադիտարանները միայն հաջորդ օրը գրանցեցին երկու վիթխարի օբյեկտները:
- Դրանք արհեստական ծագում ունեն ու շարժվում են մեզ վրա, - մտախոհ ասաց Արբանյակային աստղադիտարանների միության նախագահը:
Դեռ տարի էլ չէր անցել, երբ սիրողական աստղադիտակներով արդեն հազարավոր արեցիներ տեսել էին աստղանավերն ու աղմուկ բարձրացրել: Այդ օրերին բոլորը խոսում էին թշնամի այլմոլորակայինների մասին, աշխարհի վերջի անխուսափելիության ու մահվան մասին: Դեռ երբեք Արե մոլորակը նման ճգնաժամ չէր տեսել՝ աշխարհի մոտալուտ վախճանը համնդհանուր խուճապի էր մատնել արեցիներին: Սուիցիդալ համաճարակից հետո սկսվեց շառլատանների մեծ դրամահավաքը՝ այլմոլորակայիններից Արեն պաշտպանելու համար: Արդյունքում հաջորդ քայլով մոլորակի գլխին կոտրվեց տնտեսական ճգնաժամը: Ավելի ուշ սկսեց գործել սեկտան՝ ոմանք հավատում էին, որ այլմոլորակայինները գալիս են՝ փրկելու իրենց տոտոալ քաոսից: Սեկտան պայթեցրեց այլմոլորակայիններից պաշտպանվելու համար կառուցած հրթիռները: Հետո արդեն պատերազմն էր:
Նավերն առաջինը նկատած պատանին արդեն ծեր էր, կիսավեր տան տանիքին նստած՝ նա տեսավ, թե ինչպես նավերը հասան իրենց արեգակնային համակարգ, շրջանցեցին այն ու շարունակեցին իրենց ճամփորդությունը չգիտես թե ուր՝ այդպես էլ երբեք չիմանալով իրենց պատճառով կործանված քաղաքակրթության մասին:

Sunday, March 17, 2019

Անիծված աղջիկը


Շատ ժամանակներ են անցել, նախկինում այստեղ գյուղի տեղում մի ուրիշ՝ ավելի փոքր գյուղակ կար: Գյուղացիները լավ ձկնորսներ էին ու հովիվներ էլ կային, որ հեռու սարերում արածեցնում էին հոտը` չվախենալով վայրի գազաններից: Բայց քաջքերի մասին հեքիաթները սնահավատ սարսուռով էին ալիքվում հովիվների սրտերում, անբացատրելի, ամենակուլ վախով, որ նրանք հմտորեն թաքցնում էին կատակասեր ձկնորսներից: Գյուղում ծերերը պատմում էին, որ հարյուր տարին լրանալու պահին զարթնում է մի սատանա ու լափում ոչխարներին, երբ բոլոր կենդանիները կերակուր են դառնում, սկսում է մարդկանց ուտել, մինչև որ չի հոգնում արյունոտ խրախճանքից ու նորից քնում մինչև հաջորդ հարյուրամյակ: Այդ օրերին, երբ տեղի ունեցան չարաբաստիկ դեպքերը, դարն արդեն ավարտվում էր ու նոր դար էր սկսվում: Երկու դարերի հանդիպման պահին սարերում շատ կենդանիներ կորան: Վախեցած հովիվները պատմում էին, որ տեսել են, թե ինչպես է դևը կենդանիներին հոշոտում, բայց գյուղում քչերն էին նրանց հավատում:
Մի պառավ կար գյուղում, որ գիտեր հին պատմություններն ու հմայախոսությունները: Կանչեց նա իր մոտ հովիվներին ու ասեղ տվեց նրանց.
-          Արյան գույնի թելով եմ այն թելել, - ասաց նրանց պառավը, - սա սատանի գլուխը խրեք ու կմեռնի չարքը: Մեր նախնիներն այդպես էլ վարվել են, բայց մի խաբված ջահել հանել է ասեղն ու չարքին ազատություն տվել: Չխաբվեք զավակներս, սպանեք նրա միջի չարությունն, ու նա մեզ նման մարդ կդառնա: Բոլոր քաջքերն էլ մի ժամանակ մարդիկ են եղել, բայց չարացել են աշխարհի վրա, ատել մարդկանց ու այդ չարությունից ու ատելությունից այլանդակվել, դևեր են դարձել: Իմացեք, որ մարդկայնությունը հեշտ չի մեռնում, խրեք ասեղը գլուխն ու ինքներդ կտեսնեք:
-          Իսկ եթե ասեղը հանի՞, - վախվորած հարցրեց հովիվներից մեկը:
-           Ո՛չ ինքը, ո՛չ իր ընկեր քաջքերը չեն կարող ասեղը հանել, միայն մարդիկ են կարող, դրա համար էլ հիշեք, ինչքան էլ խնդրի, աղաչի, հեկեկա, չհանեք ասեղը:
Վերցրեցին հովիվները հմայված ասեղն ու գնացին սարերը` չարքին բռնելու: Խորհրդավոր էակն արդեն հասցրել էր հոտը կոտորել, և այդ պահին յուրաքանչյուրը կուչ եկած սպասում էր, որ հատկապես իրեն է այդ գիշեր քաջքը կուլ տալու: Անքուն տղաներն աղմուկ լսեցին ու վախեցած ավելի մոտեցան իրար:
-          Տվեք ասեղը, - ի վերջո քաջություն հավաքեց տղաներից մեկը, վերցրեց ասեղը, դուրս եկավ հովվական քոլիկից ու դեմառդեմ հանդիպեց քաջքին:
Զարմացավ քաջքը, որ մարդիկ չեն վախենում իր դեմ ելնել, ընկրկեց: Դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ տղան անվախ առաջացավ ու ասեղը նրա գլուխը խրեց` մտքում աղոթելով, որ պառավը ճիշտ ասած լիներ: Բոլորի աչքի առաջ սատանան կուչ եկավ, թպրտաց ու մի չքնաղ աղջկա վերածվեց: Կամաց-կամաց հովիվները իրենց անապահով թաքստոցից դուրս գալու համարձակություն հավաքեցին ու մոտեցան կուչ եկած աղջկան:
-          Թույլ է ձևանում, հրեշը, գեղեցիկ է ձևանում, - կմկմաց մեկը:
-          Ուզում է սրտներս շահի, որ դեն նետենք ասեղը, - ասաց մի ուրիշ թերահավատ հովիվ ու մտրակեց չարքին:
Անպաշտպան աղջկա վերածված չարքը վեր թռավ ու փորձեց փախչել: Շրջապատեցին նրան ու աղջիկը սկսեց վախեցած դեսուդեն նետվել: Նրա անհանգիստ, հուսահատ վազքն, անհեթեթ շարժումներն, ասես, հեթանոս պար լինեին: Ծիծաղ որտոտաց:
-           Պարի՛ր, սատանա՛, տեսնենք լավ են քաջքերը պարում, - ասաց մեկ ուրիշը՝ նույնպես մտրակելով աղջկան:
Մարդիկ շրջան կազմեցին ու սկսեցին մտրակել չարքին: Աղջիկն, անհույս փախչելու ուղիներ որոնելով ու տեսնելով, որ չի կարող շրջանից դուրս պրծնել, սկսեց խելագար պտույտներ կատարել:
-          Վերջ տվեք, - սաստեց հովիվներին առաջինը քաջքի դեմ դուրս եկած երիտասրդը, ամուր բռնեց վախեցած աղջկա ձեռքից ու նրան պառավի մոտ տարավ: Պատմեց ծեր կնոջը կատարվածն ու հարցեց.
-          Հիմա ի՞նչ անենք սրա հետ:
Պառավը կարեկցանքով նայեց վախվորած աղջկան, շոյեց նրա փափուկ վարսերն ու ապաստան տվեց նրան:
-          Սխալ ես գործում, տատի՛կ, քաջքը մարդկային կերպարով էլ չար է մնում, - այդ օրն ավելի ուշ ասաց երիտասարդը, բայց պառավը նրան չլսեց:
Խաղաղ ու համերաշխ ապրում էին բարի պառավն ու նրա որդեգրած դուստրը: Տարիներն անփոփոխ երթով առաջ էին գնում ու չարության նշույլ անգամ չկար աղջկա ջինջ աչքերում: Բայց ամեն անգամ պառավը տեսնում էր, թե ինչպես է նա փորձում ասեղը դուրս հանել գլխից, իսկ գիշերները ցավից ու անզորությունից հեկեկում: Կրկին ու կրկին խնդրում էր աղջիկը պառավին դուրս հանել ասեղը, որ այնքան ցավեցնում էր իրեն, ստրկացնում ու նվաստացնում: Ու պառավը սկսեց մտածել, որ երջանիկ կյանքի երկար տարիները քնեցրել են այն ցավը, ինչն աղջկան քաջքի էր վերածել, իսկ ինքն արդեն ծեր է, կմեռնի, իսկ աղջիկը ողջ կյանքում ցավի մեջ կապրի: Մտմտաց տատիկը, տատանվեց, մի օր էլ չդիմացավ ու դուրս քաշեց ասեցը: Ակնթարթներ անց աղջիկը քաջքի վերածվեց, խեղդեց պառավին ու նրա միակ կովին հեծած դեպ ազատություն սլացավ:
                Անհանգիստ երազում գունատվեց քաջքին հաղթած երիտասարդը, արթնացավ վատ կանխազգացմամբ ու ակամա պառավի տուն վազեց: Այնտեղ մեռած պառավի ձեռքում փայլում էր կարմիր թելով թելված ու քաջքի արյունից կարմրած ասեղը: Նա վերցրեց ասեղն ու քաջքի հետքերով սլացավ: Ազատ լճափին վիթխարի, կարմիր լիալուսնի ֆոնին սլանում էր կովին հեծած քաջքը: Քամու պես արագ էր սլանում հալածվող կենդանին, բայց վրդովված երիտասարդը քամուց էլ արագ սուրաց, հասավ չարքին ու գետին տապալեց նրան: Չարքը կեռ ճանկերով դուրս քաշեց հակառակորդի սիրտը, բայց մահամերձ նա կարողացավ ասեղը կրկին դևի գլուխը խրել: Քաջքի ներսում սառած խիղճը թպրտաց ու նրան մարդու վերածեց: Քաջքը սպանել էր այն մարդկանց, որ բարի են եղել իր հանդեպ: Ամբողջ կյանքում չար ամբոխից հալածված՝ վերջապես, բարի մարդկանց էր նա հանդիպել ու կործանել: Աղջկը հասկացավ` ինչ է արել ու ամոթից քարի մեջ թաքնվեց: Այլևս չէր ցանկանում մարդկանց աչքին երևալ: Բայց գիշերը, երբ մարդիկ քնած էին, նա հիշում էր իր կյանքի ամենասարսափելի պահը, մտրակի հարվածները, ճիչերը և քարից դուրս սահելով պարում: Այդպես է նա ինքն իրեն պատժում, այդպես նա դարեր կպարի, մինչև չգա մեկը, ով չի վախենա ասեղը հանել ու կազատի նրան՝ վերջնականապես նրան մարդու վերածելով:



Saturday, December 1, 2018

Ռոմանտիկա


Նոր էի ավարտել համալսարանը: Ինձ սուպերմեն զգալը տևեց մինչև աշխատանքի անցնելը, հետո հասկացա, որ երկրումս դասագրքային ու պրակտիկ իրավաբանությունը տարբեր մոլորակներ են, որ գտնվում են տարբեր արեգակնային համակարգերում: Այն, ինչի իմ կարծիքով գերազանց տիրապետում էի, ինձ բնավ հարկավոր չէր աշխատանքում: Ավագ կոլեգաներս բացակայում էին. մեկն արտասահմանում էր, մյուսին անգամ դեռ չէինք գտել:
Աշխատավայրս նորաստեղծ կառույց էր: Դեռ երկուսով էինք ես՝ իրավաբան ու իմ տնտեսագետ գործընկերուհին՝ համակարգող: Քաղաքացիները լսում էին անվճար իրավաբանական խորհրդատվություն կոռուպցիոն կամ կոռուպցիոն ռիսկ պարունակող գործերով ու հասկանում այդքանից միայն անվճար իրավաբանական խորհրդատվությունը: Մերժել դեռ չէի սովորել: Եթե մարդ դիմել էր օգնության խնդրանքով, օգնում էի՝ կազմակերպությանը ոչ ընդդատյա գործերն անելով առանց փաստաթղթավորման: Երբեմն գիշերը լուսացնում էի օրենսգրքերը քրքրելով ու օրհնում իրավաբանական կլինիկան, որ ժամանակին ատում էի, բայց ուր սովորել էի քիչ թե շատ գլուխ հանել տարաբնույթ բողոքներից, ահավոր ցածր իրավագիտակցություն ունեցող, իսկ որոշ դեպքերում գրեթե գիտակցություն չունեցող ու պարապ ականջ փնտրող մարդկանցից:
Սենյակում իրեն նյարդային պատեպատ տվող ճանճը ստիպում էր հայացքս բարձրացնել թղթերի բուրգից ու իրեն նայել: Հետո էլ ավելի հուսահատված խորանում էի փաստաթղթաօրենսգրքային քաոսում: Սկզբում, երբ մեր մասին դեռ չգիտեին, ուզում էինք այցելուներ լինեին, հիմա ես սրտանց ուզում էի մարդ չգար այնքան ժամանակ, մինչև կուտակված գործերը վերջացնեմ:
Այդպես չի լինում: Դռան անվստահ թակոցից հետո դուռը դանդա՜ղ բացվեց:
Կինը, որ անվստահ առաջ եկավ, կլիներ յոթանասուն տարեկան՝ իմ մոտավոր գնահատականն առաջին հայացքից: Հագին վառ գույնի հագուստ էր, վարդագույն կոշիկներ: Մազերը կեղտոտ էին, բայց խնամքով հարդարված: Վրայից տհաճ հոտ էր գալիս ու այդ ամենի մեջ առանձնանում էին աչքերը՝ խունացած, տխուր, բայց արտառոց գեղեցիկ կանաչ երանգի, տպավորիչ աչքերը: Ամեն ինչ լացելու չափ անհեթեթ էր:
Նա լուռ կանգնել էր դռան առաջ, անգամ չէր հարցնում՝ կարելի է, իսկ ես նրա արտառոց կերպարի պատճառով կիսաշոկային վիճակում գլխի չէի ընկել, որ կարելի է ներս հրավիրել: Չգիտեմ ինչքան տևեց քարացումս, բայց ի վերջո ուշքի եկա և հրավիրեցի նստել: Համակարգիչն այդ պահին հարկավոր չէր, բայց դիտավորյալ գնացի համակարգչի մոտ՝ կնոջից հնարավորինս հեռու, որ խուսափեմ ինձ հալածող գարշահոտից: Ստանդարտ բացող հարցերով սկսեցի իրավաբանական հարցազրույցը, որի արդյունքում պիտի պարզեի կնոջ հիմնախնդիրը: Նա լուռ էր:
-              Միայն թե համր չլինի, - փայլատակեց մտքումս ու տեղում լեզուս կծեցի:
Հասկացա, որ իմ արհեստականորեն ստեղծած հեռավորությունն է խանգարում կնոջը խոսել, մոտեցա նրան, նստեցի կողքին ու նա վախվորած պատմեց իր պատմությունը: Նրա կիրթ հայերենն այնքան անհարիր էր իր պատկերին, որ պարբերաբար մտածում էի, թե երազ եմ տեսնում ու հիմա կարթնանամ:
Իր խոսքերով 18 տարեկան էր, երբ իրեն գյուղից առևանգել էր քառասունամյա ամուսինն ու բերել մոտակա քաղաքը: Վերադարձել էր ծնողների մոտ:
-              Դու դեռ երկու պսակելու քուր ունես, ոնց գնացել ես, մնա, քուրերիդ անվան հետ մի խաղա, - ասել էր հայրն ու դուռը փակել աղջկա երեսին:
Դռան հետևից լսել էր մոր հեծկլտոցը:
-              Մա՜մ:
-              Հերդ ճիշտ ա ասում, գնա, քուրերիդ բախտին քար մի քցի, հետ դարձի, - լացի միջից ասել էր մայրը փակ դռան հետևից:
Վերադարձել էր ճարահատյալ: Ամուսինը դաժանաբար ծեծել էր: Հետո կյանքը քիչ թե շատ հունի մեջ էր ընկել: Միայն մի ամիս: Ամիսը դեռ չլրացած ամուսինը հայտարարել էր, որ չի պատրաստվում ձրիակեր պահել, որ անօժիտ աղջիկ իրեն հարկավոր չէ: Ծնողներն օժիտ տալ հրաժարվել էին.
-              Նեղի ենք, ախպորդ նոր ենք ամուսնացրել, ձեռներիս փող չկա:
Ամուսինն էլ պնդել էր, որ դատական կարգով օժիտ պահանջի:
Դատարանը հայցը բավարարել էր, քանի որ ԽՍՀՄ ժամանակների պատմություն էր, աղջիկը 16 տարեկանից սեփական եկամուտ ուներ, ինչն էլ բռնագանձել էին ծնողներից:
-              Էսօրվանից ես էրկու քուր ունեմ, դու իմ համար մեռած ես, աչքիս էրեվացիր, կտամ, գլուխդ կջարդեմ, տականք, մարդ էլ իր ծնողներին դնի, դատարան քարշ տա, - նիստից հետո հայտարարել էր եղբայրը:
Ամուսինն օժիտի գումարը մինչև վերջ խմել էր: Հետո նորից սկսվել էր նախորդ կռիվը ձրիակերության, «թե էս ինչ ղալաթ արեցի քեզ բերեցի» ու նման հարցերի շուրջ: Կինը վաղ առավոտյան մոտ 15-20 կիլոմետր կտրելով Սևանի ձկնորսներից ձուկ էր գնում, շալակած հասցնում շուկա, մինչև երեկո ինչ կարողանում էր, վաճառում էր, գումարը բերում, տալիս ամուսնուն, ստանում իր ծեծի չափաբաժինն ու ուժասպառ պառկում քնելու՝ հաջորդ օրը նույն դժոխքը կրկնելու համար: Այդպես երեսուն տարի, մինչև որ ոտքը հաշմվել էր, էլ ի վիճակի չէր եղել քայլել, ապրում էին հաշմանդամության թոշակով ու ընտանեկան նպաստով: Այդ ժամանակ նա արդեն 48 տարեկան էր, ամուսինը՝ 70: Երկու տարի հաշմանդամության թոշակ ստանալուց հետո, երբ ստիպված չէր օրեկան հիսուն կիլոմետրի չափ տարածք անցնել, կինը կազդուրվում է, ինչի արդյունքում հերթական փորձաքննությունն այլևս թոշակ չի նշանակում(հիսո՜ւն տարեկան, իսկ ես խեղճին յոթանասուն էի վերագրել):
Այստեղ էլ ամուսինը նրան տնից վռնդում է՝ դու էլ ինձ պետք չես: Կնոջը վռնդելուց հետո կապվում է ինչ-որ նախկին մարմնավաճառի հետ ու մեկընդմիշտ փակում դուռը նրա առաջ:
Այժմ կինը եկել էր խնդրելու, որ օգնեմ իրեն մի անկյուն ունենալ, ասում էր, որ քրոջ տանն է ապրում, բայց շուտով քրոջ ընտանիքը Ռուսաստանից կգա ու իրեն պարտադրում են ազատել տունը:
Նրա գնալուց հետո ճանճը հեգնախառն տզզոցով պտտվեց աչքերիս առաջ ու դուրս թռավ պատուհանից: Շշմած նայում էի հենց այն կետին, որտեղով դուրս թռավ ճանճը: Ամեն ինչ թվում էր ինչ-որ սերիալից գողացված էժանագին սցենար: Այդ օրն արդեն ոչինչ չարեցի:
Փորձը, որ այնքան էլ մեծ չէր, ամեն դեպքում, ցույց էր տվել, որ մարդկանց չի կարելի հավատալ: Ամեն բառ հարկավոր էր ճշտել: Յուրաքանչյուրը, դիմելով իրավաբանական խորհրդատվության, երբ խոսում էր, մարմնավորված անմեղությունն էր, իսկ շուրջը բոլորն անխտիր իր իրավունքների խախտմանը կոչված դժոխքի պատվիրակներ, որ եկել են իրեն լլկելու: Ամեն ինչ ներհայացվում էր հենց այդպես՝ պաթոսով, չափազանցված, անողոք: Ու շատ հաճախ ամեն ինչ պարզվում էր՝ հակառակն է:
Կնոջը խնդրել էի գալ երկու օրից, բերել անհրաժեշտ փաստաթղթերը (ցուցակը մանրամասն գրել, տվել էի, բացատրել), բայց կային բաներ, որ փաստաթղթերով ստուգել հնարավոր չէր:
Այցելության հաջորդ օրը սկսեցի գործել: Առաջին անգամ կյանքում խուզարկու խաղացի: Ոչ ոքի չէի ճանաչում այն բնակելի շենքում, որտեղ երեսուն տարի ապրել, իսկ իր նկարագրածով տառապել էր կինը: Կարճ ժամանակում պարզեցի, որ շենքում վարձով բնակարան են տալիս: Հենց կնոջ տան վերևի հարկում: Նայեցի բնակարանը: Հետո սկսեցի հարցուփորձ անել հարևաններից՝ ինչպիսի՞ մարդիկ են: Տանտերը բոլորի բոլոր պատմությունները պատմեց, բոլորի կեղտոտ ու մաքուր սպիտակեղենը շաղ տվեց իմ առաջ ու ամենաշատը խոսեց մեր այելուի չարաբաստիկ ամուսնուց: Իսկական Կապույտ մորուք էր բիձուկը. երկու կին թաղել էր նախքան քառասուն տարեկանում աղջիկ առևանգելը:
-              Դրա ձեռը խեղճերը չմեռան, տանջամահ եղան, բայց Անժիկը շատ լավն էր, Անժիկին ինքն իրավունք չուներ տնից հանել, էդ բ..ին բերել, էդ բան չէր, որ արեց, խեղճ աղջիկն էսքան տարի ինքն էր պահում տունը, ինչ խորոտ էր, ինչ ուրախ-զվարթ, հիմա ինչ ա դառել, - բառացիորեն թրջված աչքերով պատմում էր տանտերը:
Բնակարանը չվերցրի՝ պատուհանները հյուսիս էին նայում, ոչ ջրի բաք ուներ, ոչ մշտական հոսող ջուր, գրեթե կահավորված չէր: Պատճառաբանություն: Կինն էլ համաձայնեց, որ եթե երկար ժամանակով չեմ վերցնում, իմաստ չունի, որ վերանորոգում անի, կահույք բերի, ջրի բաք ու ջրատաքացուցիչ դնի: Իրար շնորհակալություն ասացինք, բաժանվեցինք:
Այսպես համոզվեցի, որ այցելուն ոչինչ չի չափազանցրել:
Անժիկը երկու օր չդիմացավ, հենց այդ օրն էլ եկավ բոլոր փաստաթղթերով հանդերձ: Անգամ օժիտի հարցով դատարանի վճիռն էր առկա, այնուամենայնիվ, գտել էր:
Անձնագրում առանց հասցե ուղղակի գրանցված էր իրենց գյուղում, ամուսնալուծված էր: Ամուսինը համոզել էր, որ պետք է ամուսնալուծվեն, որպեսզի կարողանա գյուղում հող ստանալ, հենց այդ առանց շինության հողակտորում էլ գրանցված էր, թեև այն վաղուց վաճառել էր ամուսնու պարտադրանքով: Որևէ իրավական հնար չէի գտնում, որով Անժիկը կկարողանար բաժին պահանջել ամուսնու բնակարանից, ոչ ոք էր նա այդ տանը:
Մտածեցի հայրական տան հետ կապված մի բան կարելի է անել, գոնե այնտեղ ապրի ծերությունը, բայց ոչ, բնակարանը, որ պապիկի սեփականությունն էր, Անժիկի եղբորն էր անցել կտակով, ծնողների բնակարանում նա գրանցված չէր: Կոլեգաս, որ տնտեսագետ էր, ճարահատյալ իրավաբան էր դարձել, ինձ հետ հավասար կարդում էր օրենսգրքեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, ելք փնտրում, ինձ հետ հավասար խելագարվում անզորությունից:
Մինչև որ երջանկություն: Մենք ևս մեկ իրավաբան ունեցանք, ոչ թե ինձ նման նորավարտ դեղնակտուց, այլ՝ փորձառու իրավաբան, ով մի հայացք նետեց փաստաթղթերին, ասաց, որ օրենքով կնոջն օգնել հնարավոր չէ, ոչ մի իրավական հնար չկա:
-              Եթե ամեն գործ էդպես սրտիդ մոտ ընդունես, կյանքում իրավաբան չես դառնա: Տեսնում ես օրենքով օգնելու ոչ մի հնարավորություն չկա, ուղղակի բանավոր կամ եթե ուզում է գրավոր հիմնավորում ես մերժումը և ասում ցտեսություն:
-              Եթե էդպես անեմ, Անժիկը կմնա փողոցում, - գրեթե լացակումաց ասում եմ ես:
-              Իսկ եթե առավոտից իրիկուն քո հիմնական գործը թողած փորձես իրեն օգնել, ինքդ էլ քաջ գիտակցելով, որ իրավաբանորեն ոչ մի շանս չկա, ինքը տանիք կունենա՞:
-              Չէ, բայց…,- լռեցի:
Շարունակում էի ելք փնտրել: Ծերանոցի համար Անժիկը դեռ երիտասարդ էր: Բարեգործական կազմակերպություններ ուղարկած նամակներս մնացին անպատասխան, աշխատավարձս արդեն ստացել էի, չէի ծախսում, որոշել էի ծայրահեղ դեպքում սեփական միջոցներով նրա համար տուն վարձել, աշխատանք գտնել նրա համար, մինչև այլ հնար կլիներ: Գրեթե բոլոր գործերը թողել էի գործընկերոջս ուսերին, լավ մարդ էր, չէր դժգոհում, ուղղակի ժամանակ առ ժամանակ էլի խրատում էր, որ արածս անմտություն է, որ իմ իրավաբանական պրակտիկայում ինձ դեռ տասնյակ, հարյուրավոր անժիկներ են պատահելու, իսկ բոլորին օգնել ես չեմ կարողանա:
Այդ ժամանակ կրոնական որոնումներում հերթական անգամ ինձ աթեիստ էի հայտարարել, բայց անզորությունից ես աղոթում էի: Ամեն գիշեր քնելուց առաջ ես աղոթում էի Անժիկի համար, աղոթում ու ֆիզիկական ցավից սիրտս կուչ էր գալիս, աղոթում էի մերթ լացելով, մերթ հուսահատ, քարացած, անզգա
Հետո՞Հետո Անժիկը կորավ: Իր ասած ժամկետը լրացել էր, քույրն արդեն պիտի եկած լիներ, նա արդեն պիտի հայտնված լիներ փողոցում, ես արդեն ստացել ու մի կողմ էի դրել իմ նաև երկրորդ ամսվա աշխատավարձը. կարող էի ամբողջ չորս ամիս նրա բնակարանի վարձը տալ, անգամ մի քանի բնակարան ունեի աչքի առաջ, իսկ նա չկար ու չկար:
Աչքիս առաջ հանդիպման առաջին օրն էր, թե ոնց էր խեղճ կինը հագել իր երիտասարդ տարիների տոնական հագուստը, քանի որ այսքան տարի իրեն ոչ մի լաթ չէր կարողացել գնել, իսկ ոչ տոնական զգեստները վաղուց մաշել էր: Աչքիս առաջ տհաճ հոտից իմ փախչելն էր: Հիշում էի նրա տոկունությունը սկզբում ու հուսահատ հեկեկոցը, երբ վերջին անգամ կոլեգաս ուղղակի լռեցրեց ինձ ու սառը բացատրեց, որ իրավաբանորեն նրան օգնել չենք կարող: Հիշում էի ինչպես եմ զզվանքի մասին մոռացած գրկել նրա ուսերն ու հանգստացրել, ասել, որ ես ելք կգտնեմ: Մտովի փորձում էի ինձ արդարացնել ու մտովի կրկնում ինձ համար աֆորիզմ դարձած բառերը՝ եթե արդարանում ես, ուրեմն մեղավոր ես:
Ո՞ւր ես, Անժիկ: Իրենց գյուղ մարդ ուղարկեցի: Չգտան նրան, փոխարենը քրոջ ընտանիքն էր վերադարձել, իր մասին ոչ մի լուր չունեին, միայն ասում էին, որ իրերի մեծ մասը գտել են տան մոտակա աղբարկղում՝ հնամաշ ճամպրուկների մեջ: Բանալին թողել էր հարևանի մոտ:
Գրասենյակում առանձին խոհանոց ունեինք, ամբողջ օրը սուրճ խմելու պատրվակով գնում էի այնտեղ, լալիս, վերադառնում: Կոլեգաներս հարցեր չէին տալիս ոչ կարմրած աչքերի վերաբերյալ, ոչ լացից խռպոտված ձայնի: Նրանք աշխարհի ամենալավ ընկերներն էին, նրանք երբեք ինձ դժվարության մեջ մենակ չէին թողնում, մենք երեքով միակ կոլեկտիվն էինք, ուր այդպես էլ ոչ մի անգամ աշխատանքային վեճեր չեղան, բայց նրանք այդ օրը հասկացան, որ պիտի ինձ մենակ թողնեն:
-              Դու իրավաբան չես դառնա, - երեկոյան կատակով ասաց կոլեգաս: Ժպտացի:
Մի քանի օր անց ես արդեն լրիվ քարացում էի: Արդեն հանգիստ լսում էի ամուսնալուծվող ընտանիքների երեխաների լացը, որ գիտակցում էին. էլ երբեք ծնողների հետ որպես մի ընտանիք չեն ապրի: Առանց զգացմունքի նշույլի լսում ծեր թոշակառուների, որ նպաստ էին երազում, լսում, թե ոնց է հերթական պաշտոնյան հերթական աղքատին ուղղակի վռնդել իր աշխատասենյակից, իրավաբանորեն ինչ կարողանում էի, անում էի, ինչը չէ, ուրեմն՝ չէ, կներեք, մարդիկ, իմ հնարավորություններն անսահմանափակ չեն:
Հերթական խճճված պատմությունից էի ապարդյուն փորձում գլուխ հանել: Հիշում եմ, հոգնեցի ու սկսեցի շախմատ խաղալ: Խաղալ չգիտեի, նոր էի սովորում, համակարգիչն ինձ ջախջախում էր: Այս մի անգամը որոշել էի հաղթել ու նորից անցնել գործի: Թակոց ու դուռը բացվեց: Միջին տարիքի մոտ 40-45 տարեկան կին էր: Կոկիկ հագնված, գեղեցիկ, աչքերում կրակ ու այն տպավորիչ կանաչ գույնը: Անժիկն էր, իհարկե, բայց ո՞նց:
-              Ո՞ւր էիր այսքան ժամանակ, - մոռանալով իմ թե բնածին, թե աշխատանքային պարտադիր պայման հանդիսացող բարեկրթության մասին, ուղղակի հարձակվեցի ես:
-              Ամուսնացել եմ, - ասում է ու աչքերը փայլում են, ուղղակի ճառագում երջանկությունից:
Ուրիշ մարզից հյուրեր են գալիս իրենց գյուղ, ինչ-որ մեկի տան տեղն են հարցնում: Ուղեկցում է, դուռը փակ է լինում, հրավիրում է տուն, հյուրասիրում առանց շաքարավազ սուրճով, քանի որ իրեն արդեն անգամ շաքարավազ չէր կարող թույլ տալ, իսկ սուրճն էլ մեզ համար էր գնել, կատաղել, հետ էի տվել, պահել էր:
Հեռանալուց հետո, ծերունին, որ հյուրերի հետ էր, անընդհատ իր մասին է խոսում, ծերուկի որդին էլ մտածում, մայրը վաղուց մահացել է, ծերուկը համառություն է անում ու իր ամառանոցից չի ցանկանում որդու տուն տեղափոխվել, ուրեմն թող ամուսնանան, գոնե մենակ չի լինի: Գալիս, Անժիկին վերցնում է, հին շորերն ուղղակի նետում աղբարկղ՝ դու սրանց կարիքը չես ունենա, ու Անժիկն ինքն էլ չգիտակցելով դեռ՝ ինչ է կատարվում, գնում է ծերուկի տուն:
-              Միասին այգին ենք մշակում, ինքը ճյուղերը կտրում է, ես հավաքում եմ: Իրիկուններն ինձ համար բուխարու մոտ գրքեր է կարդում, կամ տալիս է, ես եմ կարդում, երեկոյան քննարկում ենք, - ասում է Անժիկն ու ռեալ նմանվում կյանքում առաջին անգամ սիրահարված պարմանուհու:
-              Ինչքա՜ն երջանիկ եմ քեզ համար:
-              Գիտես, ամենաշատ ցավը կյանքում այն էր, որ այդպես էլ երեխա չունեցա, բայց երբ իր թոռնուհինըըմերբ մեր կրտսեր թոռնուհին ծնվեց, գնացինք հիվանդանոց ու ինձ տեսնելով բժշկուհին ասաց՝ լրիվ տատիկն է՝ նույն աչքերի գույնը, նույն քիթը, նույն շուրթերն ու իր որդին իմ անունով կոչեց աղջկան: Իմ արունը չի, բայց ո՜նց ա ինձ սիրում, ինչքան նման ա ինձ: Արժեր ամբողջ կյանքում տառապել հիմիկվա երջանկության համար: Իրականում արժեր:
Արժիկը գնաց: Ուրախությունից թռչկոտում էի, գործընկերներս ինձանից պակաս ուրախ չէին, բայց ես ասես գիժ լինեի, պտտվում էի տեղում, ամբողջ օրը քթի տակ երգում: Համարս կորցնելուց հետո նա անձամբ եկել էր՝ ասելու, որ երջանիկ է: Ես իր համար այդպես էլ ոչինչ չէի արել, բայց նա ինձ հիշել էր, նա գիտեր, որ ես կանհանգստանամ իր համար, դրա համար էլ եկել էր: Խիղճս էլ չէր տանջում:
Անժիկի համար հավաքած գումարով այդ օրը երեք շրջազգեստ գնեցի՝ իմ խիստ դասական կոստյումների ու քրքրված ջինսերի ու սպորտային ու լիքը գրպաններով ու հիմնականում տղայական հագուստի պահարանում հայտնվեցին իմ աղջկական, վառ գույնի, ուրախ շրջազգեստները: Այդ օրը ես իմ մեջ հայտնաբերեցի ռոմանտիկ, զգայական, Կուպիդոնի համար արդեն խոցելի դարձած աղջկան
Հ.Գ. Կոլեգաս ճիշտ էր. մի տարի էլ չաշխատած ես թողեցի իրավաբանությունը: Կարծում եմ՝ մեկընդմիշտ:
Հ.Հ.Գ. Կոլեգաս ճիշտ չէր. կյանքում ինձ տասնյակ ու հարյուրավոր անժիկներ չեն պատահի, բարի հեքիաթները շատ-շա՜տ հազվադեպ են իրականանում՝ չափազանց թանկ գին վճարելու նախապայմանով: