Monday, March 5, 2012

Խավար սենյակում նստած եմ մենակ
Եվ կա իմ հոգում թախիծ անհատակ:
Մարմրող մոմի փոքրիկ լեզվակը
Լուսավորում է իմ մութ սենյակը:
Թեթև թիթեռի անուրջը դառած`
Կանչում է լռին կրակը վառած.
Հրե ծաղիկի պատրանք է ծնվում
Թիթեռնիկ ոգին` այդ հրով այրվում:
Թռվռան թիթեռ, մութը ճեղքելով`
Թռչում ես թեթև դեպ հուրը սիրով,
Թռչում ապարդյուն. սառցե ապակին
Փակում է ուղին հրե ծաղիկի:
Կարող եմ բացել, փշրել ապակին,
Բայց սերը բոցե կայրի փոքրիկին,
Ո'չ, ես չեմ բացի պաղ պատուհանը,
Չի գտնի բոցում նա իր վախճանը:
Կրկին ու կրկին բախվում ապակուն
Թիթեռնիկն է իմ մնում աննկուն:
Սիրտս ճմլվում, ուզում եմ լացել
Տանջել չեմ ուզում, չեմ կարող բացել:
Եվ սարսափով եմ հանկարծ մտածում,
Որ թիթեռի պես ես եմ թևածում,
Ես նրա նման փնտրում եմ անվերջ
Մթում անսահման հուր ծաղիկ անշեջ:
Ես էլ հույսով լի առաջ եմ նետվում,
Անտեսանելի պատնեշի բախվում,
Կրկին ու կրկին բախվում ապակուն,
Փորձում եմ ոգին դարձնել աննկուն:
Հասնել եմ փորձում հրե ծաղիկին,
Երազն է գոցում պատնեշ ապակին,
Մաքառում եմ լուռ,մթնում,խենթանում,
Չգիտեմ ճամփաս ինձ ուր է տանում:
Եվ հուսակտուր իմ փերուն բարի
Խնդրում եմ` «փշրիր պատնեշը չարի,
Թույլ տուր ինձ հասնել հրե ծաղիկին,
Ապրել ու մեռնել նրա կրակում»:
Գերադասում եմ` ապրելով մեռնել,
Քան ամբողջ կյանքում իզուր տառապել:
Քան ամբողջ կյանքում պատնեշի առաջ
Լսել իմ հոգում միմիայն հառաչ:
«Բացի'ր այն, բացի՜ր». խնդրում եմ փերուն
«Բացի'ր այն, բացի՜ր». թիթեռն է խնդրում:
Ձեռքս, դողալով, ապակուն մեկնում՝
Ինձ անիծելով` այն բաց եմ անում:
Բաց է պատնեշը, իսկ աչքերս` փակ,
Եկել է վերջը, ի՛մ խեղճ թիթեռնիկ:
Զարկում է սիրտս թևով թիթեռի,
Կփրկեմ ես քեզ, ես քեզ չեմ վառի:
«Հանգցրո՛ւ բոցը». միտքն է իմ կանչում,
«Փրկի՜ր թիթեռին». հոգիս է գոչում,
Բայց թիթեռն ինքը թևերով իր կայծ
Իր երազանքն է հանգցնում հանկարծ:
Հետո շփոթվում` կրակն էլ չկար,
Շուրջս թռվռումլքում է ինձ հար:
Նա թռավ հեռու` ուրիշ մեկի մոտ,
Գուցե փնտրելու մի ուրիշ կարոտ:
Մարել է մոմը, նստած խավարում,
Անթարթ նայում եմ անորոշ հեռուն:
«Ե՞ս եմ թիթեռը». միտքն է իմ կանչում,
«Ե՛ս չեմ թիթեռը». հոգիս է գոչում:
Փերի կարեկից, պատնեշը փշրիր,
Հրե ծաղիկից ինձ հուր նվիրիր:
Փշրիր ապակին, թեկուզ այրվելով,
Հրե ծաղիկից լույս կառնեմ սիրով:
Լույս ու ջերմություն մարդկանց կտանեմ,
Ոչինչ, թող այրվեմ, բայց  ես դա կանեմ:





ԹԻԹԵՌ

                Ցուրտ սենյակում խավարի դեմ անզոր պայքարում է մոմի թրթռուն բոցի մի փոքրիկ լեզվակ: Անքուն թիթեռը թևերի անհանգիստ տրոփյունով բոցկլտացող կրակին է մոտենում: Կանչում է կրակը:
                Սառը ապակին խորտակում է հրե ծաղկի մասին թիթեռային երազանքները: Հուսահատ, խենթացած կրկին ու կրկին ապակուն է բախվում տարաբախտ թիթեռը: Անտեսանելի պատնեշն անխորտակ համառությամբ դիմակայում է նրան:
                Կարող եմ ձեռքի անփույթ շարժումով վերացնել պատնեշը, բացել պատուհանը: Այդժամ ներս կխուժի թիթեռն ու իր վախճանը կգտնի թրթռուն բոցում: Ո՛չ, ես չեմ բացի պատուհանը:
                Կրկին ու կրկին բախվում է թիթեռն ապակուն ու ճմլվում է սիրտս: Սարսափելի է գիտակցել, որ ես եմ այդ թիթեռը, որ ես էլ նման նրան հրե ծաղիկ եմ փնտրում ու զուր ջանքեր թափում անտեսանելի պատնեշների առաջ:
                Բացի՛ր, իմ բարի փերի պատուհանը: Թող այրվեմ, մոխրանամ. գերադասում եմ հասնել իմ հրե ծաղիկին ու մեռնել, քան ամբողջ կյանքում անտեսանելի պատնեշների բախվել ու տառապել:
                «Բացի՛ր, Բացի~ր». աղերսում եմ իմ փերուն:
                «Բացի՛ր, Բացի~ր». լսում եմ թիթեռի աղերսը:
                Դողացող ձեռքս հպում եմ պատուհանին, սահեցնում սառն ապակու վրայով: Ինքն ինձ անիծելով` բացում եմ պատուհանն ու փակում աչքերս, որ չտեսնեմ թիթեռի վախճանը:
                Լռությունը լցվում է անհանգիստ տրոփյունով: Սա իմ սի՞րտն է, թե թիթեռի թևերն են տրոփում իմ սրտի զարկով: Բացում եմ աչքերս ու կրակի շուրջ պտտվող թիթեռին տեսնում:
                «Հանգցրու՛ կրակը». հուշում է միտքը:
                «Փրկի՛ր թիթեռին». գոչում է հոգին:
                Թևերի անհանգիստ տրոփյունով թիթեռն ինքն է հանգցնում իր երազանքը, շփոթված թռվռում ու դուրս թռչում պատուհանից` այլ կրակներ փնտրելու:
                Շուրջս խավար է, անգամ աստղեր չկան, հեռու են, չեն երևում:
                Ե՞ս եմ այդ թիթեռը:
                Ե՛ս չեմ այդ թիթեռը:
                Բացի՛ր, ի՛մ փերի, պատուհանը և ես, թեկուզ այրվելով, հրե ծաղիկի լույսն ու ջերմությունը կտանեմ մարդկանց:

3 comments:

  1. Ողջույն: Իմ անունը Սոնա է: Ճիշտն ասած առաջին անգամ եմ Ձեր բլոգում, և առաջին իսկ անգամից Դուք ինձ հիացրեցիք: Ասեմ, որ այս ստեղծագործության լինքը ինձ ընկերուհիս է մատուցել: Նրա հետ միասին մենք աշխատում ենք ինտերնետային ամսագրի շուրջ, որտեղ ուզում ենք անդրադառնալ նաև բլոգերներին: Թույլ կտայի՞ք ներկայացնել նաև Ձեր ստեղծագործություններից, իհարկե նշելով հեղինակի անունը և հղումը դեպի հեղինակի բլոգը: Շնորհակալ եմ ուշադրության համար:

    ReplyDelete
  2. Իմ շատ սիրելի Սոնա,հիացմունք ես ապրեցի՝ կարդալով Sona-Sofi-Ari բլոգը... Հիմա ես իմ էջում ինձ նամակ գրելու հնարավորությունը կակտիվացնեմ, այս երկու օրը նամակագրությամբ կքննարկենք ամսագրում տեղադրվելիքը, լավ... Սպասում եմ արձագանքիդ...

    ReplyDelete
  3. Շատ շնորհակալ եմ կոմպլիմենտի համար: Ես Ձեզ անպայման կգրեմ: )))

    ReplyDelete