«Այս խառնաշփոթությունը մի քիչ քամի է, մի քիչ արև և շատ-շատ ձյուն». պատասխանեց փոքրիկ աղջիկն իր նկարիչ հայրիկին, երբ նա հարցրեց, թե ինչ է պատկերում իր տաղանդավոր դստրիկի նկարած խառնաշփոթությունը:
Իսկ նկա՜րը... քամուց ծառերի անորոշ զանգվածը փռվել էր գետնին և նման էր կանաչադարչնագույն գորգի: Արևի ճառագայթները մխրճվել էին գորգի մեջ` հիշեցնելով անկյունում ընկած դեղին կծիկից քանդված ոսկե թելեր, իսկ կապույտ և երկնագույն փաթիլներով իջնող ձյունը ֆանտաստիկ տեսք էր տալիս «կտավին», ինչպես փոքրիկ աղջիկն անվանում էր իր նկարը:
Փոքրիկ աղջկան դուր էր գալիս նայել, թե ինչպես է նկարում հայրիկը, բայց ամենից շատ աշխարհում նրան դուր էր գալիս նկարելը: Նկարելիս նա չէր փչացնում հոր նկարչական պարագաները: Փոքրիկ աղջիկն ուներ սեփական նկարչության տետրը և գունավոր մատիտներ: Նա չէր ցանկանում դավաճանել նրանց` փոխարինելով դրանք կտավով և յուղաներկով:
Եվ նկարում էր փոքրիկ աղջիկը:
Մատիտի դատարկ տուփերը լցվում էին աղբարկղը, իսկ նրա դարակում օրըստօրե ավելանում էին նկարչական տետրերը` լի խայտաբղետ նկարներով: Նրա նկարները գեղեցիկ էին, և բոլորը գոհացնում էին նկարիչ հայրիկին, բացի վերջին խառնաշփոթությունից: Չգիտես ինչու, այն դարձել էր փոքրիկ աղջկա ամենասիրելի նկարը: Նա պատռել էր թերթը և այն միշտ պահում էր իր մոտ: Բայց մի օր նա մոռացավ իր «մի քիչ քամի, մի քիչ արև և շատ-շատ ձյուն» նկարը սեղանին: Այդ օրը մայրիկը երկարատև հյուրախաղերից հոգնած վերադարձավ տուն: Նա անմիջապես, չնայած հոգնածությանը, ստանձնեց թափթփված սենյակները հավաքելու գործը: Առաջինը, ինչ-որ նա արեց, սեղանի վրայի ավելորդ թղթերը բուխարու կրակին հանձնելն էր: Կրակն անխղճորեն այրում էր փոքրիկ աղջկա նկարը: Նա նետվեց` փրկելու այն, բայց նկարն արդեն մոխրացել էր:
Այդ օրվանից աղջիկը դարձավ ինքնամփոփ ու մռայլ:
Ծնողները չէին հասկանում նրան, նրանք չգիտեին, որ այդ նկարը աղջկա համար ոչ թե խզբզած թուղթ էր, այլ նրա էության մասնիկը: Ահա ինչու փոքրիկ աղջիկն անչափ վիրավորվեց, երբ մայրն ասաց, որ աղջիկն այդ թղթի կտորը սիրում է ավելի, քան իր ծնողներին: Ահա, թե ինչու, նա լացակումած հասավ անտառի կապույտ լճակին և իր արցունքները խառնեց լճակի ջինջ ջրերին:
Մարտ էր` փոփոխական ու չարաճճի մի ամիս: ՈՒ՞մ մտքով կանցներ, որ այդ արևոտ եղանակին կարող է ձյուն գալ: Բայց ձյուն եկավ: Փոքրիկ աղջիկը շարունակում էր արտասվել, երբ իր թարթիչներին զգաց հալվող ձյան առաջին փաթիլները: Նա բարձրացրեց աչքերը և տեսավ ծառերի կանաչադարչնագույն զանգվածը, որը, քշվելով քամուց, գորգ էր հիշեցնում: Արևի ոսկե կծիկն իր թելերն էր մխրճում կանաչադարչնագույն գորգի խորքերը: Իջնում էր ձյունը, փաթիլները լճի կապույտ ֆոնի վրա թվում էին կապույտ ու երկնագույն: Հանկարծ փոքրիկ աղջկան թվաց, որ իր նկարը չի այրվել, այն մարմնավորվել է և երևում է միայն իրեն: Նա տուն վերադարձավ ժպիտը դեմքին` մտածելով, որ այդ ամենն, իսկապես, խառնաշփոթություն է հիշեցնում:
Հետագայում մարդիկ չհասկացան, թե ինչու է մեծ նկարչուհին իր մի քիչ քամի, մի քիչ արև և շատ-շատ ձյուն պատկերող հիանալի կտավն անվանել «Խառնաշփոթություն»: