Sunday, March 17, 2019

Անիծված աղջիկը


Շատ ժամանակներ են անցել, նախկինում այստեղ գյուղի տեղում մի ուրիշ՝ ավելի փոքր գյուղակ կար: Գյուղացիները լավ ձկնորսներ էին ու հովիվներ էլ կային, որ հեռու սարերում արածեցնում էին հոտը` չվախենալով վայրի գազաններից: Բայց քաջքերի մասին հեքիաթները սնահավատ սարսուռով էին ալիքվում հովիվների սրտերում, անբացատրելի, ամենակուլ վախով, որ նրանք հմտորեն թաքցնում էին կատակասեր ձկնորսներից: Գյուղում ծերերը պատմում էին, որ հարյուր տարին լրանալու պահին զարթնում է մի սատանա ու լափում ոչխարներին, երբ բոլոր կենդանիները կերակուր են դառնում, սկսում է մարդկանց ուտել, մինչև որ չի հոգնում արյունոտ խրախճանքից ու նորից քնում մինչև հաջորդ հարյուրամյակ: Այդ օրերին, երբ տեղի ունեցան չարաբաստիկ դեպքերը, դարն արդեն ավարտվում էր ու նոր դար էր սկսվում: Երկու դարերի հանդիպման պահին սարերում շատ կենդանիներ կորան: Վախեցած հովիվները պատմում էին, որ տեսել են, թե ինչպես է դևը կենդանիներին հոշոտում, բայց գյուղում քչերն էին նրանց հավատում:
Մի պառավ կար գյուղում, որ գիտեր հին պատմություններն ու հմայախոսությունները: Կանչեց նա իր մոտ հովիվներին ու ասեղ տվեց նրանց.
-          Արյան գույնի թելով եմ այն թելել, - ասաց նրանց պառավը, - սա սատանի գլուխը խրեք ու կմեռնի չարքը: Մեր նախնիներն այդպես էլ վարվել են, բայց մի խաբված ջահել հանել է ասեղն ու չարքին ազատություն տվել: Չխաբվեք զավակներս, սպանեք նրա միջի չարությունն, ու նա մեզ նման մարդ կդառնա: Բոլոր քաջքերն էլ մի ժամանակ մարդիկ են եղել, բայց չարացել են աշխարհի վրա, ատել մարդկանց ու այդ չարությունից ու ատելությունից այլանդակվել, դևեր են դարձել: Իմացեք, որ մարդկայնությունը հեշտ չի մեռնում, խրեք ասեղը գլուխն ու ինքներդ կտեսնեք:
-          Իսկ եթե ասեղը հանի՞, - վախվորած հարցրեց հովիվներից մեկը:
-           Ո՛չ ինքը, ո՛չ իր ընկեր քաջքերը չեն կարող ասեղը հանել, միայն մարդիկ են կարող, դրա համար էլ հիշեք, ինչքան էլ խնդրի, աղաչի, հեկեկա, չհանեք ասեղը:
Վերցրեցին հովիվները հմայված ասեղն ու գնացին սարերը` չարքին բռնելու: Խորհրդավոր էակն արդեն հասցրել էր հոտը կոտորել, և այդ պահին յուրաքանչյուրը կուչ եկած սպասում էր, որ հատկապես իրեն է այդ գիշեր քաջքը կուլ տալու: Անքուն տղաներն աղմուկ լսեցին ու վախեցած ավելի մոտեցան իրար:
-          Տվեք ասեղը, - ի վերջո քաջություն հավաքեց տղաներից մեկը, վերցրեց ասեղը, դուրս եկավ հովվական քոլիկից ու դեմառդեմ հանդիպեց քաջքին:
Զարմացավ քաջքը, որ մարդիկ չեն վախենում իր դեմ ելնել, ընկրկեց: Դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ տղան անվախ առաջացավ ու ասեղը նրա գլուխը խրեց` մտքում աղոթելով, որ պառավը ճիշտ ասած լիներ: Բոլորի աչքի առաջ սատանան կուչ եկավ, թպրտաց ու մի չքնաղ աղջկա վերածվեց: Կամաց-կամաց հովիվները իրենց անապահով թաքստոցից դուրս գալու համարձակություն հավաքեցին ու մոտեցան կուչ եկած աղջկան:
-          Թույլ է ձևանում, հրեշը, գեղեցիկ է ձևանում, - կմկմաց մեկը:
-          Ուզում է սրտներս շահի, որ դեն նետենք ասեղը, - ասաց մի ուրիշ թերահավատ հովիվ ու մտրակեց չարքին:
Անպաշտպան աղջկա վերածված չարքը վեր թռավ ու փորձեց փախչել: Շրջապատեցին նրան ու աղջիկը սկսեց վախեցած դեսուդեն նետվել: Նրա անհանգիստ, հուսահատ վազքն, անհեթեթ շարժումներն, ասես, հեթանոս պար լինեին: Ծիծաղ որտոտաց:
-           Պարի՛ր, սատանա՛, տեսնենք լավ են քաջքերը պարում, - ասաց մեկ ուրիշը՝ նույնպես մտրակելով աղջկան:
Մարդիկ շրջան կազմեցին ու սկսեցին մտրակել չարքին: Աղջիկն, անհույս փախչելու ուղիներ որոնելով ու տեսնելով, որ չի կարող շրջանից դուրս պրծնել, սկսեց խելագար պտույտներ կատարել:
-          Վերջ տվեք, - սաստեց հովիվներին առաջինը քաջքի դեմ դուրս եկած երիտասրդը, ամուր բռնեց վախեցած աղջկա ձեռքից ու նրան պառավի մոտ տարավ: Պատմեց ծեր կնոջը կատարվածն ու հարցեց.
-          Հիմա ի՞նչ անենք սրա հետ:
Պառավը կարեկցանքով նայեց վախվորած աղջկան, շոյեց նրա փափուկ վարսերն ու ապաստան տվեց նրան:
-          Սխալ ես գործում, տատի՛կ, քաջքը մարդկային կերպարով էլ չար է մնում, - այդ օրն ավելի ուշ ասաց երիտասարդը, բայց պառավը նրան չլսեց:
Խաղաղ ու համերաշխ ապրում էին բարի պառավն ու նրա որդեգրած դուստրը: Տարիներն անփոփոխ երթով առաջ էին գնում ու չարության նշույլ անգամ չկար աղջկա ջինջ աչքերում: Բայց ամեն անգամ պառավը տեսնում էր, թե ինչպես է նա փորձում ասեղը դուրս հանել գլխից, իսկ գիշերները ցավից ու անզորությունից հեկեկում: Կրկին ու կրկին խնդրում էր աղջիկը պառավին դուրս հանել ասեղը, որ այնքան ցավեցնում էր իրեն, ստրկացնում ու նվաստացնում: Ու պառավը սկսեց մտածել, որ երջանիկ կյանքի երկար տարիները քնեցրել են այն ցավը, ինչն աղջկան քաջքի էր վերածել, իսկ ինքն արդեն ծեր է, կմեռնի, իսկ աղջիկը ողջ կյանքում ցավի մեջ կապրի: Մտմտաց տատիկը, տատանվեց, մի օր էլ չդիմացավ ու դուրս քաշեց ասեցը: Ակնթարթներ անց աղջիկը քաջքի վերածվեց, խեղդեց պառավին ու նրա միակ կովին հեծած դեպ ազատություն սլացավ:
                Անհանգիստ երազում գունատվեց քաջքին հաղթած երիտասարդը, արթնացավ վատ կանխազգացմամբ ու ակամա պառավի տուն վազեց: Այնտեղ մեռած պառավի ձեռքում փայլում էր կարմիր թելով թելված ու քաջքի արյունից կարմրած ասեղը: Նա վերցրեց ասեղն ու քաջքի հետքերով սլացավ: Ազատ լճափին վիթխարի, կարմիր լիալուսնի ֆոնին սլանում էր կովին հեծած քաջքը: Քամու պես արագ էր սլանում հալածվող կենդանին, բայց վրդովված երիտասարդը քամուց էլ արագ սուրաց, հասավ չարքին ու գետին տապալեց նրան: Չարքը կեռ ճանկերով դուրս քաշեց հակառակորդի սիրտը, բայց մահամերձ նա կարողացավ ասեղը կրկին դևի գլուխը խրել: Քաջքի ներսում սառած խիղճը թպրտաց ու նրան մարդու վերածեց: Քաջքը սպանել էր այն մարդկանց, որ բարի են եղել իր հանդեպ: Ամբողջ կյանքում չար ամբոխից հալածված՝ վերջապես, բարի մարդկանց էր նա հանդիպել ու կործանել: Աղջկը հասկացավ` ինչ է արել ու ամոթից քարի մեջ թաքնվեց: Այլևս չէր ցանկանում մարդկանց աչքին երևալ: Բայց գիշերը, երբ մարդիկ քնած էին, նա հիշում էր իր կյանքի ամենասարսափելի պահը, մտրակի հարվածները, ճիչերը և քարից դուրս սահելով պարում: Այդպես է նա ինքն իրեն պատժում, այդպես նա դարեր կպարի, մինչև չգա մեկը, ով չի վախենա ասեղը հանել ու կազատի նրան՝ վերջնականապես նրան մարդու վերածելով:



No comments:

Post a Comment