Ագռավը
Մենք նորից բարձրացել էինք ու նստել տանիքին: Պայմանավորվել էինք, որ այս անգամ ես եմ ագռավը, դու՝ սև կատուն: Բայց հերթական անգամ դու եղար ագռավը, ես եղա վհուկը: Կամացուկ թառեցիր ուսիս ու սկսեցիր բամբասել հյուսիսային քամուց: Հարավային քամին խուտուտ տվեց փետուրներդ, դու ծիծաղեցիր ու շարունակեցիր ինչ-որ բան պատմել ձյունամրրիկների մասին: Ամբողջ ասածդ չէի լսում, միայն կցկտուր բառեր էի որսում՝ փորձելով դրանք ընդհանուր սյուժեին միացնել: Ուղղակի հաճելի էր այդպես նստել տանիքին, լսել քո կռռոցն ու նայել գիշերին:- Լսո՞ւմ ես:- Ըհը:- Չես լսում, երազում ես, - հերթական անգամ կռռացիր, ագռա՛վ, ու թռար անորոշ ուղղությամբ:Շոշափելով գտա ցախավելն ու թռա քո հետևից: Ինձ գտան տանիքի տակ, ամբողջովին ջախջախված, մեռած ու սառը՝ աչքերս վաղուց չքված լիալուսնին: - Ասում էի, չէ, պետք է ագռավը ես լինեմ, կբացեի թևերս ու… Գիտեիր, որ ես այդպես էլ ցախավելով թռչել չսովորեցի:- Լավ, այս գիշեր դու եղիր ագռավը:- Ուշ է, այս գիշեր ես ուրվականը կլինեմ:- Պայմանավորվեցինք:
No comments:
Post a Comment