Tuesday, August 8, 2017

Կորուստ




Հետևից մոտեցավ ու աչքերս փակեց: Ահավոր չեմ սիրել էս խաղը: Ահավոր չեմ սիրել հպումները, իսկ ինքը հպումների համար խելագարվում էր, փիսիկ էր, ուզում էր գրկես, գուրգուրես:
     -   Դու երևի հասկանում ես, որ մենք էլ երեխա չենք ու, թերևս, ընկերուհիներ չենք:
Ընկրկեց: Ինքը միշտ էլ ասում էր, որ իմ ընտանի փիսոն է, բայց չգիտեր, որ հիմա ինձ ընտանի կենդանիներ պետք չեն:
Հետո հանկարծ բարձր ծիծաղեց ու ձեռքս բռնած ինձ հայելու մոտ տարավ: Կանգնել, նայում էի աչքերիս շուրջ սև օղակներին: Թե ես ո՞ր օրվա կոսմետիկա օգտագործողն էի, որոշեցի թիթիզանալ ու խնդրեմ: Դրեցի, ձեռքով փորձեցի մաքրել նաև շրթներկը: Տարածվեց: Նյարդային դողին հաջորդեց ծիծաղը: Երկուսով ծիծաղեցինք: Ու հանկարծ ինքը դադարեց պարզունակ ու ձանձրալի ընտանի կենդանի թվալ, հանկարծ ինքը մեծացավ, աճեց, դարձավ մարդ ու հանկարծ գիտակցեցի, որ կարոտել եմ:
Գրկեցի:
Գրկեց ու լացեց:
Չգիտեմ ինչու էր լացում: Թողեցի լացի, թեթևանա: Գնացինք, նստեցինք գետափին ու մոծակների ամպը մեր շուրջ օղակ կազմած ինչ-որ նյարդերը սղոցող սերենադ սկսեց :
-         - Էլի քո մոծակի դեղերը, որ մոտ չգան:
Չկողմնորոշվեցի՝ ձայնում հեգնա՞նք էր, հանդիմանա՞նք: Էական չէր: Նստել ու լռում էինք ամեն ինչի մասին: Երկուսս էլ շաղակրատող տեսակ էինք, ժամանակին իրար հերթ չտալով խոսում էինք: Ի՞նչ էր փոխվել հիմա: Ես էի փոխվել, ինքը: Հիմա լրիվ ուրիշ մարդիկ էինք:  Առանց որևէ վեճի, կոնֆլիկտի մենք իրարից հեռացել էինք ու ժամանակը մի մեծ ժայռ էր կառուցել մեր մեջ: Թեև չէ, ժայռ չէ՝ սառցալեռ: Դրսում անտանելի շոգ էր, բայց մենք մրսում էինք:
-       -  Գիտե՞ս ամենաշատն ինչին եմ կարոտում, - հարցրեց:
-         - Չէ, որտեղի՞ց:
Թեման փակում էի, բայց ինքը համառեց:
-         - Ասե՞մ:
-       -  Ասում ես, ասա առանց նախաբանի, միանգամից, գիտես, որ զզվում եմ ներածական ճառերից:
-        - Չէ, չգիտեմ, հիմա ես քո մասին ոչ մի բան չգիտեմ: Ամենաշատը կարոտում եմ, երբ փայտն առած քշում էիր իմ վրա հարձակվող շներին: Որ իրականում վտանգավոր էր, կարայիր փախնել, բայց մնացել էիր ու քշում էիր: Հիմա էլ չես մնա:
-         - Հիմա էլ կմնամ:
-     -     Ինչի՞:
-         - Ես ինձնից թույլերին պաշտպնում եմ, իմ տեսակն ա:

-         - Էն ժամանակ դու ինձ էիր պաշտպանում: Հենց ինձ: Այ դրան եմ կարոտում:

Tuesday, February 14, 2017

Յուրաքանչյուրին, ով ինձ գիտի

Ինձ մի հորինիր:

Ինձ մի վերագրիր հատկանիշներ, որոնցով օժտված չեմ, մի վերագրիր վեհություն, որին չեմ հասել, մի վերագրիր բարություն, որն ունենալը երազանք է.
Հանդուրժողականությունս սեր մի համարիր, հարմարվողականությունս մի  համարիր զորություն, բ
արեկրթությունն իմ  մի համարիր բարություն:
Ինձ մի սիրիր ավելին, քան ես արժանի եմ:
Քո հանդեպ սերս մի համարիր ավելին, քան կա:
Մի… Մի… Մի…
Այլապես քեզ կսպասվի ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ:
Իսկ թե ականջալուր չես լինում իմ արգելքներին, ապա չհամարձակվես սոսկ հիասթափվել, այլ պայքարիր, համառիր, որ ես դառնամ նա՝ ում հորինեցիր…