Tuesday, June 25, 2013

Հարբեցողի մոլորակը

Ես էլ չեմ հարբի, դե կտեսնես, ինչքան էլ փրփրի գարեջուրը կամ ջինի բույրից կոկորդումս խլրտա ծանոթ թացությունը, ինչքան էլ ռոմի կիսատ շիշը ծովահենական քնած գեներս խտտի, չեմ հարբի, միայն թե մի գնա…
Ես կգնամ, չէ, ես կփախչեմ քեզանից ու կհարբեմ, կխմեմ շատ, մեծ կումերով, կոկորդս կայրվի սպիրտով, աչքերիցս արցունքներ կթափվեն, բայց ես քեզանից հեռու կլինեմ ու ես կխմեմ…
Վերադարձի՜ր…

Ու թե ինչո՞ւ եկար…

Friday, June 14, 2013

Մի օր, հետո

Վատնած օրերը վերադառնում են անիմաստ անուրջների տեսքով: Երազանքներոը, որ թև էին տալիս, մի օր դառնում են ճահիճ ու քաշում: Ինչքան շատ ես երազում, այնքան քիչ ես սկսում գործել, ժամանակը, որ առաջ նվիրում էիր կյանքին, հիմա սպառում է իրեն երևակայական ոչնչում, ու կյանքի համը դառնում է տտիպ, դառը, միօրինակ: Հետո գունավոր երազանքները դառնում են դժգույն, տարտամ: Այդժամ երևակայական հրաշալիքի փոխարեն քո առաջ են հառնում նյութականացված անուրջները: Երբեք չի կարելի խառնել երազանքն ու իրականությունը, նման փորձանոթներում ծնվում են մտքերդ խժռող որդեր: Վերջում մարդ դադարում է գործել՝ հավատալով, որ մեծ ու բարի գործեր է անելու, բայց հիմա չէ, մի օր, հետո...