Friday, September 6, 2013

Սիգարը

Բարեկամությունը, որ վերագրվում էր միսթր Վիլիամսին ու  միսթր Մակլոքին, նրանց ընդհանուր ծանոթների մեջ տարածված ամենամեծ թյուրիմացություններից էր: Երկուսն էլ այդպես էին մտածում:
Այս երկու ջենթլմենները մրցակից էին բոլոր ոլորտներում: Ուսանողական տարիներին առաջին ընդհարումը եղավ սիրո հարցում. իրար խանգարելով՝ երկուսն էլ կորցրեցին Քեթրինին: Տարիներ անց երկուսն էլ հիմնեցին այդքան աղմուկ բարձրացրած ձկան պահածոների գործարաններն ու շուտով սնանկացան: Բնապահպանները հեղեղեցին բոլոր էկոլոգիական գերատեսչությունները՝ գետի աղտոտման ահազանգերով, իսկ երբ մարդիկ բարիք գործելու մոլեռանդ ցանկություն են ունենում, նրանց արդեն չես կանգնեցնի:
Վիլիամսն ու Մակլոքը հերթական անգամ հանդիպեցին ֆոնդային բորսայում: Իրար կոկորդ կրծելով՝ նրանք շարունակում էին դոփել տեղում, մինչև որ որոշեցին հանգիստ թողնել իրար ու սկսեցին ուրիշների կոկորդները կրծել: Իրենց որոշումը նրանք հաստատեցին ձեռքսեղմումով: Այս որոշման արդյունքում նրանցից յուրաքանչյուրը զգալի կարողություն կուտակեց: Վիլիամսն անգամ հաջողացրեց ամունանալ ու ամուսնալուծվել: Մակլոքը գերադասում էր սպասել, թե երբ կմեռնի Քեթրինի ծերուկ ամուսինը:
Ամեն տարի Վիլիամսն ու Մակլոքը հանդիպում էին ձեռքսեղման օրը, հիշում անցյալը, ծխում: Հանդիպումները տեղի էին ունենում Մակլոքի մոտ: Ամեն անգամ Վիլիամսն ուղղակի կատաղում էր, երբ իրեն սիգարները մատուցում էին փայտյա սովորական տուփից, իսկ Մակլոքի համար բերում առանձին, փոքրիկ, զարդանախշ տուփը: Նման խտրականության ժեստը Վիլիամսի համար դուրս էր հյուրընկալության ու ջենթլմենության հասկացություններից, բայց նա ամեն անգամ լուռ կուլ էր տալիս վիրավորանքը՝ ամեն ինչ բացատրելով Մակլոքի ցածր ծագումով, գռեհկությամբ, չտեսությամբ:
Նրանք ծխում էին, զրուցում ու առանց աղմուկի բաժանվում՝ ավելի ու ավելի ատելով իրար: Սովորաբար նրանք հանդիպում էին նախքան հյուրերի ժամանումը, հետո գալիս էր ամբոխը: Թե ինչ ձեռքսեղման մասին է խոսքը, հյուրերը՝ գործարարներ, փաստաբաններ, տարբեր մանր ու մեծ պաշտոնյաներ, չգիտեին, բայց բոլորին էր հայտնի, որ այդ օրը Վիլիամսն ու Մակլոքը նշում են փառավոր կերպով:
Հերթական ձեռքսեղման երեկոն չկայացավ: Մակլոքին գտան մեռած: Հետո հետաքննությունը կպարզեր, որ նա իմացել է Քեթրինի անժամանակ մահվան մասին ու ինքնասպան եղել: Այժմ նա ուղղակի սառած, անշունչ մեխված էր անկողնուն: Դեռ շեմից Վիլիամսին սպասավորները հայտնեցին նորությունը: Նա վազեց Մակլոքի ննջարան ու մինչև տեղ կհասներ, զգաց, թե ինչպես է լացը սեղմում կոկորդն ու քամում սիրտը: Երբեք չէր մտածի, որ Մակլոքի մահն իրեն ցավ կպատճառեր:
Մարդիկ էին հավաքվել, իրարանցում էր, շշուկները միալար գվվոց էին հիշեցնում, բայց իրեն կորցրած Վիլիամսը ոչինչ չէր նկատում: Քիչ անց նրա ուշադրությունը գրավեց սիգարների զարդանախշ տուփը: Աննպատակ ետուառաջ էր անում: Ավելի ու ավելի հաճախ էր նայում տուփի ուղղությամբ, մինչև ինքն էլ լրիվ չգիտակցելով՝ ինչ է անում, մոտեցավ տուփին, վերցրեց սիգարն ու չրխկացրեց կրակայրիչը: Էժանագին սիգարի թանձր, միաժամանակ քաղցրավուն ու կպչուն դառնահամ ծուխը քերեց կոկորդը: Զզվանքով մի կողմ նետեց սիգարը:
Մակլոքը կաթոլիկ էր: Եկեղեցում հանդիսավոր հրաժեշտի արարողություն էին կազմակերպել: Վիլիամսը մոտեցավ դագաղին, կռացավ, իբր հրաժեշտ է տալիս ու այնտեղ թաքցրեց հնարավոր լավագույն սիգարները, որ կարողացել էր հայթայթել: Նա հարյուրավոր վարկածներ էր առաջ քաշում, թե ինչու էր Մակլոքը ծխում այդ էժանագին սիգարները՝ ամեն անգամ մոըենալով պատուհանին, որ ինքը չզգա դրանց զզվելի հոտը: Երբեմն նա չարքաշ կյանքի ստվերն էր տեսնում, որ անգամ միլիոններ կուտակելով Մակլոքն իրեն թույլ չէր տալիս թանկարժեք սիգար, երբեմն նա ամեն ինչ բացատրում էր խղճի խայթով՝ Մակլոքը դւտավորյալ իրեն ստորացնում էր, բայց քանի որ խիղճը տանջում էր, ենթագիտակցորեն ինքն իրեն պատժում էր այդ աղբը ծխելով, կամ, ի վերջո, դա տարօրինակ Մակլոքի աննորմալության հերթական դրսևորումն էր: Վիլիամսը չգիտեր:
Օրեր անց, երբ կարդում էին Մակլոքի կտակը, Վիլիամսը հերթական առեղծվածին բախվեց՝ ինչո՞ւ էր Մակլոքն ամեն ինչ կտակել իր համար մեկ հակառակորդին՝ Վիլիամսին:

Դեռ երբեք Վիլիամսն այդքան մենակ իրեն չէր զգացել:

2 comments:

  1. Ալֆ, ընտիր գործ էր, ապրես ^_^

    ReplyDelete
  2. Վամպս, սա պիտի գար մրցույթին Մարսյան տենդի փոխարեն, բայց չհասցրեցի կրճատել :)

    ReplyDelete