Thursday, November 1, 2012


Իմ սենյակի տանիքը ծակ է…
Ես դիտավորյալ փշրեցի առաստաղն ու սպասեցի,
Որ ձմեռվա սառույցը ներս թափանցի առաստաղից
Մինչ ոսկորներս,
Որ հասկանամ ես թշվառությունը մարդկային,
Որ հասկանամ ցավերն անտանիք որբերի,
Որ հասկանամ…
Ցրտի փոխարեն իմ տանիքի բացվածքից
Աստղերը ներս լցվեցին,
Թափանցեցին մինչև ոգիս
Ու ես հասկացա երջանկությունը:
Երևակայությունս ինձ տարավ այնտեղ,
Ուր նյութը արդեն գահընկեց էր արված,
Ուր անտանիք որբերը երանելի էին դարձել…
Հետո ես ետ եկա աշխարհ,
Ուր սենյակիս տանիքը ծակ էր,
Սենյակս լուռ էր ու մռայլ,
Իսկ շուրջս ապերախտ տառապանք էր…
Իմ ծակ տանիքից ներս էր թափանցել
 Ցուրտը ձմեռվա…


Կեղծում էի ինձ,
Այնքան հմտորեն,
Ասես, իմ բոլոր դիմակներից դեն
Կեղծիք ունեի դեմքի փոխարեն,
Կեղծում էի ինձ
Տարերայորեն:

Երբ լացն էր անզուսպ կոպերս թակում,
Ծիծաղում էի խելագարի պես,
Վար էի ընկնում մի լացով նկուն, 
Որ դու իմ խինդը, խավար, չտեսնես,
Մենակ էի ես:

Խաբում էի ինձ,
Այնքան անճարակ,
Ասես, ոչ մի սուտ կյանքում չեմ ասել,
Ներսումս մի թեժ, անիրավ կրակ,
Դարձրել էր միտքս մահվան կարուսել,
Զուր էր թե հուսալ, թե տարակուսել:

Բայց հետո գտա
Կեղծիքներից դեն,
Գտա իմ կյանքի կորած լույսերը,
Երբ սպասում էր ինձ միմիայն գեհեն,
Եդեմի այգի տվեց ինձ սերը:

Պատյան եմ դնում ցավի սուսերը…