Sunday, February 26, 2012

Պատիժ...


Երբ դժոխքն իր հրե երախը բացեց նրա առաջ, նա չարախնդաց: Ի՞նչ կարող էին անել այդ խղճուկ դևերն իր ներքին անպարփակ չարության ու կամքի ժեռ զորության դեմ: Նրանք դատապարտված էին պարտության: Երբ հերթական դևը հրով ու երկաթով փորձում էր բեկել նրա կամքը, նրան սեղմել տառապանքի աքցաններում, նա կամ լռում էր հաղթական, կամ քրքջում այնպիսի մի վայրի քրքիջով, որի կողքին դիվային քրքիջը պարզապես թոթովանք էր:
Դևերը թևաթափ ելան, բայց դեռ ունեին իրենց զինանոցում մեկին, մի զորեզ էություն, ում դեմ բոլորն են անզոր:
Նրանք դադարեցին տանջելու իրենց խղճուկ փորձերը, պարզապես փակեցին չարագործին մենակ իր խղճի հետ ու լուռ հեռացան:
Րոպեներ անց լսվեցին նրա աղեկտուր վայնասունները…

Saturday, February 25, 2012

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՍԱ ԿԱՐԴԱՑԵԼ Է…




Իմ մռայլության ու մորմոքների օվկիանոսում մի փոքրիկ կղզի ունեի հույսի համար: Դու այնտեղ սփոփանքի կառամատույց հիմնեցիր՝ հույսով բարձված նավերին հանգրվան, իսկ հետո արդեն միայն վհատության նավեր ուղարկեցիր իմ կառամատույց…
Դու ամեն անգամ նոր մարդկանց դեմքերով իմ առաջ ելար՝ նորանոր նավեր ուղարկելով իմ թշվառ կղզի: Այդ նավերը զինված էին հուսահատության, ցավի, խավարի ականներով, բայց և հզորագույն զենքն էին բերում իմ փոքրիկ կղզյակ ՝ ատելությունը…
Իմ կղզում ատելությունը դարձավ բռնակալ, իսկ ներումը գահնըկեց արեց բռնակալին:
Կարծեցիր՝  հաղթել ես, երբ իմ կղզին դարձավ ատելության, մորմոքների, խավարի, մռայլության մի կղզյակ… Բայց այն պարզապես մի կղզյակ էր երջանկության ու հույսի օվկիանում…